Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

966
Տարածել

Յուղային տրանսֆորմատորների հրդեհաանվտանգ շահագործում

Հայտնի է, որ հրդեհների 70 տոկոսը տեղի է ունենում էլեկտրական սարքերի, սարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի ոչ ճիշտ շահագործման հետևանքով, ուստի անհրաժեշտ է ապահովել  շահագործման որոշակի պայմաններ անվտանգ աշխատանքի համար:

Ուժային յուղային տրանսֆորմատորների շահագործման ժամանակ անջատվում է որոշակի ջերմություն, որը տաքացնում է սարքը, նպաստում մեկուսիչ նյութերի ծերացմանը: Միջավայրի ջերմաստիճանով պայմանավորված՝ անհրաժեշտ է տրանսֆորմատորի հուսալի աշխատանքի համար պահպանել որոշակի պայմաններ: Միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունը բերում է տրանսֆորմատորի հզորության փոփոխության, որն իր ազդեցությունն է ունենում նաև նրա բեռնավորման աստիճանի վրա: Ուստի պետք է որոշել տրանսֆորմատորի բեռնավորման թույլատրելի աստիճանը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից՝ սարքի հուսալի աշխատանքն ապահովելու համար:

Քանի որ ուժային յուղային տրանսֆորմատորները հիմնականում աշխատում են օդային միջավայրում, ուստի հաշվարկային արտահայտություններում անհրաժեշտություն է առաջանում հաշվի առնել օդի ֆիզիկական մեծությունների արժեքները՝ կախված միջավայրի ջերմաստիճանից:

Աշխատանքի ընթացքում տրանսֆորմատորի բաքի արտաքին մակերևույթից ջերմությունը (Q) տրվում է շրջակա միջավայրին՝ ինչպես բնական կոնվեկցիայով, այնպես էլ ջերմային ճառագայթմամբ: Ուժային յուղային տրանսֆորմատորի բաքի ջերմաստիճանը և տրանսֆորմատորային յուղի ջերմաստիճանն իրար հավասար են, քանի որ բաքը մետաղական է, նրա ջերմահաղորդականության գործակիցը մեծ է, ջերմային դիմադրությունը՝ փոքր: Ուժային յուղային տրանսֆորմատորների համար որպես թույլատրելի շահագործման սահման կարելի է ընդունել շրջակա միջավայրի ջերմաստիճանը մինչև 300C-ը, իսկ 300C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում կարելի է շահագործել միայն թերբեռնված:

Այսպիսով, բեռնավորման աստիճանի կախվածությունը շրջակա միջավայրից հնարավորություն է տալիս որոշել ուժային յուղային տրանսֆորմատորի թույլատրելի սահմանային հզորությունը, բեռնվածության աստիճանը՝ խուսափելով հրդեհավտանգ երևույթներից: Այս կապը պետք է ներկայացնել շահագործող կազմակերպություններին՝ տրանսֆորմատորները ճիշտ բեռնավորելու և անվտանգ շահագործելու համար:

 

Հրապարակումը պատրաստվել է Հայկանդուխտ Ղարիբյանի և

Սեդրակ Ներսեսյանի

«Ուժային յուղային տրանսֆորմատորների բեռնվածության թույլատրելի աստիճանի որոշումը հրդեհաանվտանգ շահագործման դեպքում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

25-ամյակին նվիրված

միջազգային գիտաժողովին: