Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՕԳՆՈՒՄ ԵՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

655
Տարածել

Փրկվել է մեկ վիրավոր արագիլ

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 120 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Շարունակում է աճել խոտածածկ տարածքների հրդեհների քանակը: Հրդեհների մեծ մասը հենց բուսածածկ տարածքներում է եղել: Խոշոր հրդեհներից են. Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մատույցներում՝ 6 հեկտար, Գետափ գյուղում՝ 5 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղում՝ մոտ 4 հա, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա և այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Շիրակի փրկարարները: Դեռ արձանագրվում են ճանապարհներին կամ հալվող ձյան մեջ մեքենաների արգելափակման ահազանգեր: Նման 10 կանչ է սպասարկվել: Ջերմաստիճանի բարձրացման հետ ակտիվանում են օձերը: Բնակարանում հայտնված օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու մեկ կանչ է սպասարկվել: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի առաջին հարկի մի բնակարանում բնակիչն ընկել է բնակարանից մուտք ունեցող նկուղը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 78-ամյա տատիկին դուրս են բերել նկուղից, վերջինս հոսպիտալացվել է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Դավիթաշենի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Դավիթաշեն 2-րդ փողոցի մի տանը ջուրը լցվել է վարդակի մեջ, խրոցակը հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գայ գյուղում վնասված թևով արագիլ կա: Փրկարարներն արագիլին տեղափոխել են Արմավիրի կենդանաբանական այգի: