Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ՝ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ՝ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ

614
Տարածել

Գիրքն ու գրիչն ամենաիսկական զենքով, իսկ լսարանը՝ մարտի դաշտով փոխարինած կամավոր Նիկողոս Հաջյանը քառօրյա պատերազմից տուն վերադարձավ կյանքը վերաիմաստավորած ու հստակ որոշումով: Մարդկանց օգտակար լինելու, օգնության ձեռք մեկնելու ցանկությունը շուտով հնարավոր դարձավ իրականացնել՝ անցնելով ծառայության ԱԻ համակարգում:

«2016-ի օգոստոսից մինչ օրս աշխատում եմ Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ-ում, որպես հրշեջ-փրկարար: Սիրում եմ օգնել, դա իմ կենսակերպն է: Սահմանին կռվողի ու հրշեջ-փրկարարի պայքարը գրեթե նույնն է. երկու դեպքում էլ կռիվ է հանուն փրկության»:

Փ/ծ կրտսեր սերժանտը հասցրել է մասնակցել բազմաթիվ կանչերի: Ժպիտով նկատում է, որ հմտացել է՝ կարող է բացել ցանկացած փակ դուռ: Հիշում է, թե առաջին անգամ ինչպես մասնակցեց Ավանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մարմանը. «Փորձը կոփում է, պինդ ու դիմացկուն դարձնում հրշեջ-փրկարարին մարտի դաշտում, կարևորը՝ հոգեպես կայուն ու պատրաստված լինես»:

Ջոկատի ամենաերիտասարդ հրշեջ-փրկարարն օգտվում է մասնագիտական գիտելիք ստանալու ամեն մի հնարավորությունից:  Նիկողոս Հաջյանն ուրախ է, որ ԱԻ համակարգը գնալով երիտասարդանում է, և այս ճանապարհին փրկարարների նոր սերնդին իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում համակարգի պրոֆեսիոնալները: Մեծ է ցանկությունը նաև մասնակցելու միջազգային փորձի փոխանակման ծրագրերի՝ ուսումնասիրելու ու յուրացնելու գործընկերների հնարավորություններն ու կարողությունները: «Ուզում եմ շարունակել ինձ շատ հարազատ ծառայությունս, ավելի կայանալ ու հմտանալ: Համակարգում իմ հաջողությունները դեռևս առջևում են, ձգտում եմ լավ մասնագետ դառնալու. այս տարի պատրաստվում եմ ընդունվել Ճգնաժամային կառավարման պետակադեմիայի «Ճգնաժամային կառավարում բաժինը»,- ասում է հրշեջ-փրկարարը:

Երազկոտ, զգացմունքային, համեստ ու նպատակասլաց Նիկողոս Հաջյանին հաճախ կարելի է հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում վազելիս կամ որևէ այգում գիրք ընթերցելիս: Նիկողոսի կյանքում առանձնահատուկ տեղ ունի սպորտը: 2016-ի սկզբից նա զբաղվում է նաև խառը մարտարվեստով: Վերջերս մեր երկրում կայացած բրազիլական ջիու-ջիցուի մրցաշարին մասնակցելով 85 կգ քաշային կարգում՝ Նիկողոս Հաջյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել մեդալի: Առջևում միջազգային մրցումներ են ու նոր հաղթանակներ:

 

Էջը՝ Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ