Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

993
Տարածել

Սպորտն ընկերություն է ձևավորում

Ապրիլի 7-ին «Հայաստան» մարզական միության սպորտային հրապարակում կայացավ պատանի հրշեջ-փրկարարների հերթական հանրապետական մարզական առաջնությունը, որին ներկա էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

 

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը մրցեցին վազք (60 մ, 100 մ և 500 մ), փոխանցումավազք (4 x 100 մ), մարտական հագուստի հագնում, ձգում կախ դրությունից և հրում հատակից մարզաձևերում:

Տավուշի մարզը ներկայացնում էին սահմանամերձ Բերդավանի աշակերտները: Տասներորդցիներ Անին և Մոնիկան մրցաշարի մասին տեղեկացել էին դպրոցի զինղեկից և ցանկություն հայտնել մասնակցելու: Աղջիկների խոսքով՝ թեև կրակոցները համայնքի տարածքում չեն դադարում, սակայն գյուղի երիտասարդությունը շարունակում է ակտիվ կյանք վարել: Գործում են տարբեր մշակութային և սպորտային խմբակներ: Երկուսն էլ իրենց անհատական ռեկորդներն ունեն բասկետբոլի և վոլեյբոլի մարզային մրցույթներում:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող «ՄԱՍԵՌՈ» թիմն անվանակոչվել էր մասնակից երեք աղջիկների պատվին: ՄՓՎ Բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը նկատեց՝ հատկապես վազք մարզաձևում իգական սեռի ներկայացուցիչներն այս տարի անգերազանցելի են: Թիմը ձևավորվել է բոլոր դպրոցների լավագույն մարզիկներից: «Վստահի՛ր ուժերիդ, շարժվի՛ր առաջ» կարգախոսով եկել են հաղթանակի հետևից:

Ավագ դպրոցի աշակերտ, Արարատի մարզի ներկայացուցիչ Հենրիկ Կիրակոսյանը հաշված վայրկյաններում հատեց փոխանցումավազքի համար նախատեսված վերջնագիծը: Չի սիրում գլուխ գովել, իր հաղթանակը թիմային աշխատանքի արդյունքն է: Երկար տարիներ զբաղվել է թեթև ատլետիկայով և բռնցքամարտով: Մրցակիցներին ընկեր է համարում, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ հնարավորինս պատրաստ լինել արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելուն:

Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Սևակ Եղիազարյանը հրապարակի մի անկյունում սեփական հանդիսատեսին էր հավաքել և կիթառի նվագակցությամբ հայրենասիրական երգեր էր կատարում: «Կիթառը մշտական ուղեկիցս է, ինքնուս եմ, երկու տարի է՝ նվագում եմ: Որևէ տեղ գնալիս անպայման գործիքը տանում եմ, որպեսզի ուրախ մթնոլորտ ստեղծեմ»,- նշեց թայլանդական բռնցքամարտի բազմակի չեմպիոնը, որը ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել մեծ սպորտը:

Ընդհանուր արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Արարատի մարզի թիմը: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի և Շիրակի մարզի հավաքական թիմերը: Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը հպարտացավ՝ հաղթանակը սպասելի էր. երկու ամիս շարունակ՝ օրական 4-5 ժամ, քրտնաջան և «թասիբով» աշխատանք է տարվել, բացի դրանից՝ մեծ էր երեխաների՝ նախորդ տարվա հաղթանակը կրկնելու ցանկությունը:

Մարտական հագուստի հագնում մարզաձևի համակարգող, թիվ 9 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Գյուրջինյանը կատակեց՝ սպորտը մայրիշխանության է գնում: Մերօրյա աղջիկներն ավելի համարձակ են, չեն վախենում բարդություններից և ռիսկի դիմելուց, ինչի վառ ապացույցը բանակում ծառայելու պատրաստակամությունն է:

Հարցին՝ արդյոք արդա՞ր էր Երևան քաղաքը ներկայացնող միանգամից երեք թիմերի մասնակցությունը մրցաշարին, փրկարարը պատասխանեց. «Ըստ կարգի՝ բոլոր մարզերին թույլատրված է մինչև երեք թիմով հանդես գալ: Բնականաբար պիտի մրցեն լավագույնները: Մյուս կողմից՝ ճիշտ չէ նման մրցաշարերում մարզ-մայրաքաղաք տարանջատումը, քանի որ վերջնական նպատակը Հայաստանը ներկայացնելն է»:

Այս տարվա թիմերի կազմում, Արմեն Գյուրջինյանի փոխանցմամբ, կային ատլետիկ ունակություններով աչքի ընկնող մարզիկներ, որոնք կարող են ընդգրկվել փրկարարական և առաջին բուժօգնության աշխատանքներում: Ինչ վերաբերում է նախորդ տարիների լավագույն պատանի հրշեջ-փրկարարներին, որոնցից շատերն այսօր զինծառայող են, ապա նրանք միայն գովասանագրերով են զորացրվում և կարող են մրցել նույնիսկ փորձառու փրկարարների հետ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ