Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

1118
Տարածել

«Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունն» ու դրա իրականացման գործողությունների ծրագիրը՝ 2017-2030 թթ. ժամանակահատվածի համար: ԱՌԿ ռազմավարությունը բխում է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից, համահունչ է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին», ուղղված է կայուն զարգացմանը:

 

Մարտահրավերներ

Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր:

Հանրապետության տարածքի 1/3-ը գտնվում է սողանքավտանգ գոտում: Երկրի բնակչության 15%-ը ենթակա է այս վտանգին:

Կլիմայի փոփոխության արդյունքում մեծանում է էկոհամակարգերի խոցելիությունը: Կլիմայական վտանգավոր երևույթների ուժգնությունը և հաճախականությունն աճել են: Հայաստանը տուժում է երաշտներից, վաղ գարնանային ցրտահարություններից, կարկտահարություններից, սելավներից, ջրհեղեղներից, ուժեղ քամիներից և անտառային հրդեհներից:

Հայաստանում կա ավելի քան 20 քիմիական գործարան, որոնք օգտագործում են վտանգավոր քիմիական նյութեր, և ավելի քան 1500 բարձր պայթյունավտանգ և հրդեհավտանգ կազմակերպություն: Կան հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործող և կոնսերվացված պոչամբարներ: Հայկական ատոմային էլեկտրակայանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում:

1990-2005 թթ. Հայաստանում մոտ 63 000 հա անտառ ենթարկվել է համատարած և մասնակի չկարգավորվող հատումների, ինչի հետևանքով զգալիորեն մեծացել է սելավների և սողանքների առաջացման հավանականությունը:

Եզրակացություն

Անհետաձգելի անհրաժեշտություն է աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացումը, ինչը կարող է իրականացվել աղետների ռիսկի կառավարման բոլոր մակարդակներում ռիսկի գիտակցումը զարգացման ծրագրերի մեջ ինտեգրելու և կարողությունների զարգացման միջոցով: Անհրաժեշտ է նաև աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարության մեջ նոր լուծումներ և մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման և վաղ ազդարարման համար: Աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգի ձևավորումը և հետագա զարգացումը հնարավորություն կտան ապահովել հորիզոնական և ուղղահայաց համագործակցություն աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական և ոչ պետական կառույցների միջև` ընդգրկելով նաև քաղաքացիական հասարակությանը:

Հիմնական ուղղություններ

Զարգացնել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման, վերլուծության, մոնիթորինգի և վաղ ազդարարման համակարգը, ապահովել աղետների ռիսկի կառավարման համակարգի հզորացումը, ներդրումներ կատարել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, մշտապես հզորացնել երկրի՝ աղետներին պատրաստվածության, արագ արձագանքման և անվտանգ վերականգնման կարողություններն ու հնարավորությունները:

Զարգացման միտումները

Աղետների ռիսկի կառավարման համակարգի նպատակային ապակենտրոնացում, աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում գիտական կառույցների, հասարակական կազմակերպությունների, համայնքի ակտիվ ներգրավվածության խթանում` ուշադրություն դարձնելով համայնքային ռիսկերի կառավարմանը և դիմակայուն համայնքների մշակույթի զարգացմանը, այլ երկրների առաջավոր փորձի տեղայնացում, զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման չափանիշների ու սկզբունքների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գերակայությունների ներառում, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականություն, աղետների ռիսկի կառավարման ոլորտում նորարարական մոտեցումների, արդիական տեխնոլոգիաների, ներդրումների անհրաժեշտություն, բնակչության ուսուցում և իրազեկում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներում սոցիալական ուղղվածության ուժեղացում, միջազգային գործընթացներին մշտական մասնակցություն:

Աշխատանքի բաժանում

Աղետների ռիսկի կառավարման ոլորտի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կառավարությունը, իսկ համակարգման և մոնիթորինգի լիազոր մարմինը արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Արտակարգ իրավիճակների նախարարին առընթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակով ձևավորվում է Ռազմավարության ղեկավարման խորհուրդ: Խորհրդի նախագահը արտակարգ իրավիճակների նախարարն է, խորհրդի անդամները` տարբեր գերատեսչությունների անդամներ: Խորհուրդը կհավաքվի ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ: Ընթացիկ աշխատանքների համար կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կհավաքվեն եռամյսակը մեկ, իսկ կիսամյակը մեկ հաշվետվություն կներկայացնեն:

Գործողություններ

Սահմանված է ավելի քան 30 քայլ: Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի վերանայում և արդիականացում` աղետների ռիսկի նվազեցման պահանջների ապահովմամբ, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակում, աղետների ռիսկի կառավարման հարցերի ներառում ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների անձնակազմերի վերապատրաստման ծրագրերում, բնապահպանական արտակարգ իրավիճակների և էկոլոգիական վիճակի արագ գնահատման միջազգային մեթոդաբանության տեղայնացում և ներդրում, աղետներից ապահովագրման համակարգի ներդրում, համայնքի աղետների ռիսկի կառավարման անձնագրի ներդրում և այլն:

Ակնկալվող արդյունքներ

  1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության պլանավորում,
  2. Աղետներից ապահովագրման արդիական համակարգի ներդրում,
  3. Դպրոցներին սպառնացող աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացում, դպրոցի աշխատակազմի և աշակերտների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացում` կիրառելով ներառական և երեխայակենտրոն մոտեցում,
  4. Միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռազմավարական փաստաթղթերի և իրավական ակտերի առկայություն,
  5. Միջազգային մարդասիրական օգնության ստացման և տրամադրման, միջազգային փրկարարական ուժերի երկիր մուտքի և ելքի գործընթացների հստակեցում, պարզեցում, արտակարգ իրավիճակներում միջազգային ուժերին աջակցության տրամադրման գործընթացի ապահովում և ընդունող երկրի աջակցության ցանցի առկայություն,
  6. Աղետների ժամանակ վնասների և կարիքների արագ գնահատման կարողությունների առկայություն,
  7. Մարզերում և համայնքներում աղետների ռիսկի գնահատման և կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կարողությունների առկայություն, համայնքներին սպառնացող աղետների ռիսկի գնահատման, կառավարման և նվազեցման կարողությունների հզորացում,
  8. Դիմակայուն համայնքների կարողությունների հզորացում, համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների առկայություն,
  9. Աղետների ռիսկի կառավարման հարցերի և դրանց դասավանդման հմտությունների ձևավորում, աղետների ռիսկի կառավարման գիտելիքների և դասավանդման միասնական մեթոդաբանության ձևավորում,
  10. Աղետների ռիսկի նվազեցման մարզային գործուն թիմերի առկայություն, մարզերին սպառնացող աղետների ռիսկի կառավարում, աղետակայուն մարզերի ձևավորում,
  11. Արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն` հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող անձանց կարիքները,
  12. Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավում, նորարարության և տեխնոլոգիական զարգացման խթանում,
  13. Հետաղետային արագ վերականգնման և վերակառուցման պլանների առկայություն,
  14. Մարզերում և համայնքներում փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ նյութական բազայի համալրում և արդիականացում` ժամանակակից փրկարարական, բժշկական, բժշկասանիտարական գույքով, ուսումնական սարքավորումներով,
  15. Բոլոր մակարդակներում տեղեկատվության կառավարման կարողությունների հզորացում,
  16. Պետական և համայնքային բյուջեներում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման ավելացում:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ