Գլխավոր Ուսուցողական նյութեր ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏ

779
Տարածել

Ապրիլի 2-ին երկիրն ընտրում էր նոր խորհրդարան՝ ըստ նոր Սահմանադրության, նոր ընտրակարգով: Ամփոփվել են նախնական արդյունքները: Ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից խորհրդարան են անցել 4-ը: 105 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 55, «Ծառուկյան դաշինք»՝ 30, «Ելք» դաշինք՝ 9, ՀՅԴ՝ 7: ՀՀԿ խմբակցության կազմում քվեներ են ստացել նաև ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ: Քվեներով hանրապետականները խորհրդարանում կայուն մեծամասնություն են, ինչը նոր կառավարություն ձևավորելու, վարչապետի թեկնածու առաջադրելու համար նոր Սահմանադրությամբ պարտադիր պայման է: Նոր վարչապետը, թերևս, դարձյալ Կարեն Կարապետյանն է լինելու: Նա էր, որ քարոզարշավն անցկացրեց դեմոկրատական իմիջով, «արևմտյան ոգով»՝ ընտրողների հետ անմիջական ու անկեղծ երկխոսությամբ ներկայացնելով երկրի զարգացման կառավարության ծրագրերը, համոզեց, հորդորեց հավատալ դրանց, մատնանշեց նոր Հայաստանի ստեղծման ուղին: «Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Քվեն, որը ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք, և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: …Կարող է ամպագոռգոռ հնչել խոսքս, բայց ասում եմ սրտի խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան՝ նախկինում»,- ֆեյսբուքյան իր էջում խոստացել է Կարեն Կարապետյանը:

Մասնագետներն արձանագրում են, որ ինտերնետն ու բարձր տեխնոլոգիաները մեծ դեր ունեցան ընտրությունները թափանցիկ կազմակերպելու գործում: Ընտրախախտումները չեն բացառվել, բայց քվեները կեղծելու հնարավորություն գործնականում չի եղել: Ստացվել են նաև քաղաքական ուժերի արձագանքները, նրանց, որոնք նոր խորհրդարանում կմասնակցեն պետական կառավարման ու օրենսդիր աշխատանքին, նաև նրանց, որոնք չեն հաղթահարել ընտրական շեմը: Համակարծիք են բոլորը՝ քվեները չեն կեղծվել, ընտրաարդյունքները չեն վիճարկելու:

Եվրոպացի դիտորդների նախնական հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները «լավ կազմակերպված էին և հիմնարար ազատությունները գլխավորապես հարգվել են»:

«Ընտրությունների թափանցիկությամբ Հայաստանը գերազանցեց նույնիսկ մի շարք արևմտյան երկրների»,- հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը և հաստատել, որ ապահովվել է քաղաքացիների կամարտակայտության իրավունքը:

Կա նաև այսպիսի կարծիք. քվեարկության արդյունքի համար որոշիչ էր Արցախի հարցը. ապրիլի 2-ն էր, ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը, վրեժի ցասումի զգացողությամբ ընտրողի համար կարևոր էր քաղաքական ուժերի դիրքորոշումը: Եվ երևի թե դրա համար ընտրողների մեծ մասը մերժեց, չընդունեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով ընտրարշավը:

Նշենք նաև, որ այս խորհրդարանի նորեկը «Ելք» դաշինքն է՝ քաղաքական նոր միավորում՝ երիտասարդ ներկայացուցիչներով:

Այս խորհրդարանը համալրվեց նոր դեմքերով և ամենակարևորը՝ երիտասարդներով՝ նոր մտածողությամբ, նոր ժամանակների ոգով: Սպասելիքները շատ են, ժամանակը՝ սուղ, շտապել է պետք, երկիրը նոր զարգացումների կարիք ունի: