Գլխավոր Նորություններ ԿԻՆԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԵՐՈՒՄ

ԿԻՆԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԵՐՈՒՄ

1134
Տարածել

Հին ժամանակներից մինչև Պաբլո Պիկասո

Կինը միշտ էլ եղել է ոգեշնչման աղբյուր. Մեծ մայր, Վեներա, Տիրամայր, ամազոնուհի, զորական…

Դիտարկենք տարբեր ժամանակաշրջաններում կնոջ կերպարի ընկալման և մեկնաբանման փոփոխությունները՝ ելնելով գեղագիտական, սոցիալական և պատմական գործոններից:

Նախնադար

Հայտնի է, որ քոչվոր նախամարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր: Հողագործությամբ զբաղվող առաջին կանայք, որոնց ուսերին էր երեխայի խնամքը, ստիպված էին առանձնանալ տղամարդկանց խմբերից և հաստատվել քարանձավներում՝ սպասելով բերքահավաքին:

Նախնադարյան կնոջ պաշտամունքի հիմքում որդեծնության ունակությունն էր. կինը մայր աստվածուհի էր, սոցիոլոգ Էրիխ Ֆրոմի դիտարկմամբ՝ «երեխաների ստնտուն, տնային կենդանիներին կերակրողը, լիության և պտղաբերության խորհրդանիշը»:

Սերնդի շարունակականության գաղափարն է կրում 29 500 տարվա վաղեմության «Վիլենդորֆյան Վեներա» քանդակը, որին բնորոշ են ընդգծված կրծքերը, կոնքերն ու ազդրերը, բացակայում են դիմագծերն ու պարանոցը: Միայն ուշ պալեոլիթի շրջանում («Բրասեմպույան Վեներա», Ք.ա. 25-րդ հազարամյակ) կարելի է նկատել կնոջ էությունը ներկայացնող մանրամասներ՝ դեմք, քիթ, ալիքավոր վարսեր:

Հնագույն շրջանի ավարտը զուգորդվում է ասորական մշակույթի «ռազմականացման» հետ: Այսպես՝ շումերական դիցաբանության պտղաբերության և մայրության Ինաննա՝ Իշտար աստվածուհին շուտով վերափոխվում է պատերազմի ու հաղթանակի, լույսի ու խավարի աստվածության՝ խորամանկ, իշխանատենչ, անհավատարիմ, վրիժառու: Ընդունված է Իշտարի կերպարանափոխումը համարել կնոջ կերպարի ընկալման նոր փիլիսոփայական համակարգի սկիզբ:

 

Բրոնզե դար

Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում մշակութային նշանակալի կենտրոն է դառնում միջերկրական Կրետեն, որտեղ զարգանում են ճարտարապետությունը, գեղանկարչությունը, քանդակագործությունն ու կիրառական արվեստը: Մինոսի և Կնոսոսի պալատներում հիշատակվում են «թեթև և սիրտ ուրախացնող», խրախճանք պարգևող կանանց որմնանկարներ: Դասական Հունաստանում (Ք.ա. V-IV-րդ դդ.) սերունդ տալու գաղափարը շարունակում է մնալ առանցքային: Այս համատեքստում հետաքրքրական և յուրօրինակ է էտրուսկյան մշակույթը: Էտրուսկ կանայք ինքնուրույն կյանք էին վարում, նրանց հաճախակի կարելի էր տեսնել հասարակական վայրերում և հավաքույթների ժամանակ: Կինը մայր էր, տանտիրուհի, օջախի պահապան: Էտրուսկները մահը դիտարկում էին որպես երկրորդ կյանքի սկիզբ. Ք.ա. 4-րդ դարից սկսած՝ դամբարանների վրա կառուցվում էին մահացած ամուսինների քանդակները, որոնք կիսով չափ պառկած վիճակում և դեմքի ժպտուն արտահայտությամբ ողջունում էին այցելուներին:

 

Միջնադար

Արևմտաեվրոպական մշակույթում կինը պատկերվում էր տիրամոր կերպարով, նա անմարմին խորհրդանիշ էր: Տիրամոր պաշտամունքը լավագույնս արտացոլում է բյուզանդական պատմությունը. պարտություն կրող բյուզանդական զորքի առջևով անցկացնում են մոգական սրբապատկերը, որից ոգեշնչված՝ նա հաղթանակ է տանում:

Ուշ միջնադարում բյուզանդական եկեղեցիներում հայտնվում են մերկ կանանց պատկերներ, որոնք նահատակվել են հանուն հավատի:

Բարեպաշտ կանայք և կուրտիզանուհիներ՝ այսպիսին էր արևմտյան հասարակությունը: «Ճշմարիտ» կինը պատկերվում էր երկար շրջազգեստով՝ կրծքի տակ գոտի ամրացված, ինչն արհեստական կերպով նրան հղի կնոջ տեսք էր տալիս:

Ուշ միջնադարում իր ինքնատիպությամբ առանձնանում է հատկապես կիլիկյան մանրանկարչությունը, որն աշխարհիկ կյանքի, մարդու անհատականության արժևորման դրսևորում էր: Վառ օրինակ է Լևոն արքայի, Կեռան թագուհու և նրանց հինգ երեխաների ընտանեկան կյանքի պատկերը («Կեռան թագուհու ավետարանը», Թորոս Ռոսլին, 1272 թ.):

Ընդհանուր առմամբ՝ հայկական մշակույթը զարգանում էր համաշխարհային միտումներից զատ: Դեռ վաղ միջնադարում կային կին պոետներ, որոնք տղամարդկանց երգեցողության դասեր էին տալիս՝ վարագույրի հետևում քողարկված: Մ.թ. 2-րդ դարում հիշատակվում է մնջախաղի առաջին դերասանուհի Նազենիկի մասին, որը խաղում էր հին հայկական թատրոնում:

Վերածննդի դարաշրջան

Մարդը դառնում է տիեզերակենտրոն ոչ միայն իր մտքի, այլև ֆիզիկական ուժով: Միջնադարյան պատկերների դալուկ դիմագծերին և վտիտ մարմնին փոխարինելու է գալիս փարթամ և առողջ կազմվածքը: Մերկությունն ընդգծվում է հատկապես Միքելանջելոյի, Բոտիչելիի և Ջորջոնեի ստեղծագործություններում: Սակայն դրանցում կնոջ մարմինը հստակ չի ուրվագծվում, այն ծառայում է որպես կոմպոզիցիայի մի մաս:

Այս ժամանակաշրջանին է պատկանում իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի «Սիքստինյան տիրամայր» կտավը, որն իր մեջ ամփոփում է միաժամանակ մոր և աստվածուհու կերպարները: Առաջին անգամ մենք տեսնում ենք հոգեբանական դիմանկարի նշույլներ. մտահոգ մայրը չի ցանկանում հրաժարվել իր զավակից՝ հանուն մարդկության շահի:

 

Բարոկկո ոճ

16-րդ դարի վերջին և 18-րդ դարի կեսին եվրոպական արվեստում իշխում է բարոկկո ոճը: Կերպարներն աչքի են ընկնում թե՛ կառուցվածքային, թե՛ էմոցիոնալ չափազանցությամբ: Այս շրջանում արվեստագետները սկսում են կարևորել ոչ միայն արտաքինը, այլև՝ խելքը: Կնոջ նրբագեղության, կանացիության, ապրումների և կրթվածության համադրություն է հոլանդացի նկարիչ Յան Վերմերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» կտավը:

Կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, խորհրդային ժամանակներ

Դասական ազնվական Եվրոպայում բարկիրթ կինը զուսպ էր իր շարժումներում, բարձրաձայն ծիծաղելու իրավունք չուներ, ժպտալիս էլ պետք է թաքցներ ատամնաշարը: Անկիրթ էր համարվում, եթե գունագեղ զգեստ էր կրում և իր խոսքում անբռնազբոս էր:

Իսպանիայում հեղինակություն էին վայելում «ժողովրդի ծոցից ելած», ցածր դասին պատկանող մախաները՝ կյանքի հետնախորշի կանայք, որոնք հրապարակավ պարում էին ֆլամենկո՝ կրքի ու վայրիության խորհրդանշական պարը: Մինչ ֆրանսիացի Դոմինիկ Էնգերը նկարում էր ամոթխած մադմուազել Ռիվիերի դիմանկարը, իսպանացի Ֆրանցիսկո Գոյայի արվեստի սիրահարները հիանում էին Պարմայի թագուհի Մարիա Լուիզայով, որը կարող էր առանց ամաչելու հարձակվել և հաշվեհարդար տեսնել իրեն վիրավորողից:

Էնգերը սկիզբ դրեց դասական, իսկ Գոյան՝ մերկ արվեստին: Ի դեպ՝ մերկ կանայք պատկերվել են բոլոր ժամանակներում, սակայն լայն հասարակությանը նրանք չեն հուզել: Ահա հետաքրքիր բացառություն. ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավը, որը Ջորջոնեի «Գյուղական համերգ» ստեղծագործության վերաձևակերպումն էր, ծաղրանքի ենթարկվեց, երբ բոլորը կտավում ճանաչեցին Վերոնիկա Ռեժենին. նա ուղիղ նայում էր հանդիսատեսին, ինչն իրական պատրանք էր ստեղծում:

Իմպրեսիոնիզմի դարաշրջանում կինը ներկայանում էր իր ամբողջ գրավչությամբ: Նա ազատամիտ էր, մտածող էակ:

Առանձին ուշադրության է արժանի խորհրդային «կոլխոզնիցան»: Նա չգիտեր սեթևեթել, աշխատավոր էր և հեղափոխական գաղափարներով լի («Պետրոգրադյան տիրամայր», Կուզմա Պետրով-Վոդկին, 1918 թ.):

Մոդեռնիզմ

Մոդեռնիզմի շրջանի լավագույններից էր կուբիզմի հիմնադիր, 20-րդ դարի ամենահայտնի սիրեկաններից մեկը՝ Պաբլո Պիկասոն: Նա կանանց դասակարգում էր երկու խմբի՝ աստվածուհիներ և խաղալիքներ: Իր բազմաթիվ սիրային արկածների շնորհիվ ծնվել են «Ալժիրյան կանայք», «Պառկած կինը», «Ավիոնյան պչրուհիներ» և այլ արժեքավոր գործեր, որոնցում հեղինակը ներարկել է կանանց նկատմամբ իր ամբողջ սերն ու ատելությունը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է արվեստաբան Անուշ Հակոբյանի «Կնոջ կերպարը համաշխարհային արվեստում» դասախոսության