Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

628
Տարածել

Արգելափակումից հանվել է 150 ավտոմեքենա

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 150 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Շարունակում է աճել խոտածածկ տարածքների հրդեհների քանակը: Հրդեհների մեծ մասը հենց բուսածածկ տարածքներում է եղել: Խոշոր հրդեհներից են. Լոռու մարզի Գուգարք գյուղի գերեզմանատան մատույցներում՝ 10 հեկտար, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում՝ 20 հեկտար, և այլն: Սյունիքի մարզի Վահրավար գյուղի եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 1,5 հեկտար անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին, բացի հրշեջ-փրկարարներից, մասնակցել է Հայաստանի զինված ուժերի 70 զինծառայող և Վահրավար գյուղի 4 բնակիչ: Փակ դուռ բացելու վերաբերյալ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Նոր Նորք, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջանների և Արմավիրի ու Լոռու փրկարարները:  Դեռ արձանագրվում են  ճանապարհներին կամ հալվող ձյան մեջ մեքենաների արգելափակման ահազանգեր: Նման 10 կանչ է սպասարկվել: Երևան-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»  կոչվող հատվածում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել: Փրկարարներն աշխատել են 8 ժամ և արգելափակումից դուրս են բերել 6 ավտոբուս, 30 բեռնատար և 114 մարդատար ավտոմեքենա (250 ուղևոր):