Գուգարքի ՀՓՋ-ի միակ կին հրշեջը
Գեղեցիկ Ղարդաշյանի ընտանիքում բոլորն ուսադիր են կրում: Զինվորական դառնալու մանկական երազանքը, համազգեստի հանդեպ ընդգծված սերն ու ամուսնու նվիրված ու բարեխիղճ ծառայության օրինակը տիկին Գեղեցիկին բերեցին ծառայության ԱԻ համակարգ: Թեև խոստովանում է՝ անցած ճանապարհը հեշտ չէր:
«Արդուկելով ամուսնուս փրկարարական համազգեստը՝ նրան ասում էի, թե կգա՞ արդյոք մի օր, որ ես էլ կարողանամ այն կրել: 2000-ին որպես ռադիոհեռախոսավոր անցա աշխատանքի Լոռու մարզային փրկարարական վարչության «Տարոն» ՀՓՋ-ում: Նույն ջոկատում ծառայում էր նաև ամուսինս: Սկզբնական շրջանում դժվար էր, երեխաներս փոքր էին, և օգնող չունեինք: Հոգնած ու արթուն գիշերներից հետո գալիս էի տուն ու զբաղվում տան հոգսերով: Ես ու ամուսինս ստիպված էինք փոխել մեր հերթափոխները: Ջոկատի լուծարումից հետո մեզ տեղափոխեցին տարբեր ՀՓՋ-ներ. որպես ռադիոհեռախոսավար շարունակեցի ծառայել Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ում: Իսկ հաստիքների կրճատումից հետո, 2015-ին տեղափոխվեցի և մինչ օրս ծառայում եմ Գուգարքի ՀՓՋ-ում՝ որպես հրշեջ-փրկարար»:
Հաղթահարելով բազում դժվարություններ՝ շուրջ 17 տարի, փ/ծ ավագ սերժանտը շարունակում է աշխատել նույն ոգևորությամբ ու փորձում ամեն բացվող օրը դարձնել արդյունավետ՝ օգնության ձեռք մեկնելով արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց:
«Հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր անձնակազմը շատ լավն է, իսկ իմ ներկայությունից տղաներն ավելի զգաստ, զգոն ու կազմակերպված են դրսևորում իրենց: Սա ընտանիքի մի լավ օրինակ է, որտեղ առանց կնոջ պարզապես հնարավոր չէ: Մորն ու քրոջը միայն հատուկ ջերմությամբ ու հոգատարությամբ եմ վերաբերվում նրանց»,- խոստովանում է Գուգարքի ՀՓՋ-ի միակ կին հրշեջ-փրկարարը:
Ծառայակիցները Գեղեցիկ Ղարդաշյանին հաճախ «Տիկին փրկարար» են կոչում: Չնայած տարիների փորձին, ամեն ահազանգ խառնում է Տիկին փրկարարի ներաշխարհը, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել: «Հաճախ տուն եմ գալիս, բայց մտքերով դեռ դեպքի վայրում եմ՝ աշխատանքում: Շատ է պատահել, երբ տան հեռախոսը զանգահարել է ու մեխանիկորեն վերցնելով լսափողը՝ ասել եմ. «Հրշեջ մաս»: Կանչերը բնույթով տարբեր են: Հիշում եմ, մի անգամ տատիկն այցի էր գնացել բարեկամի շիրիմին ու մոլորվել: Բարեբախտաբար հաջողվեց տատիկին գտնել մառախլապատ անտառում: Ցավում եմ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների համար, թևաթափվում, երբ այլևս փրկելու հնար չի լինում: Մեր ՀՓՋ-ն ունի նաև իր «մշտական հաճախորդը»՝ մի տատիկ, որը պարբերաբար զանգահարում է ու հայտնում, որ պապիկն ընկել է գետնին և նրան բարձրացնելու համար մեր օգնությունն է պետք»:
Հայ կնոջ ու հրշեջ-փրկարարի երազանքը մեկն է՝ խաղաղություն: Գեղեցիկ Ղարդաշյանն աղոթում է, որ ոչ մի մայր զավակի կորուստ չտեսնի, իսկ հրշեջ-փրկարարներն աշխատանքի վայրում մնան անգործ:
Զինվորական կեցվածքով աչքի ընկնող տիկին Գեղեցիկը սիրում է խոհանոցում ժամանակ անցկացնել: Իր ձեռքով պատրաստված սուրճը գնահատում են նաև ջոկատայինները: Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնին, ջոկատի միակ կին հրշեջ-փրկարարը հերթապահության չի լինելու: Սակայն ջոկատայինները բաց չեն թողնի առիթը ևս մեկ անգամ շնորհավորելու, գնահատելու ու մեծարելու «ընտանիքի» անփոխարինելի միակ կնոջը:
Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ