Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «ՎԵԼՅԱՆՆԵՐԻ ՋՈԿԱՏԸ»

«ՎԵԼՅԱՆՆԵՐԻ ՋՈԿԱՏԸ»

1240
Տարածել

Մի գերդաստանի պատմություն

Թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի նախկին վարորդ, 57-ամյա Սուրեն Վելյանը, թոռան ձեռքը բռնած, այգուց տուն է վերադառնում: Եզակի օրերից է, երբ փրկարարների ողջ ընտանիքը մի սեղանի շուրջ է հավաքվել:

Արցախյան պատերազմի ազատամարտիկի կրծքին շքանշաններ կան. կատակում է՝ «վերնիսաժներից» չի գնել, այլ վաստակել է իր ծառայության դիմաց: 1989-ից Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատի կազմում մասնակցել է Գետաշենի և Մարտակերտի մարտերին: 2016-ի ապրիլին, լսելով հակառակորդի հարձակման մասին, միացել է կամավոր երկրապահների ջոկատին: Ճանապարհին որդիները երկրորդ թոռան ծնունդն են ավետել: «Դեռ Ղարաբաղ չհասած՝ զանգ եկավ: Մի պահ ուրախացա՝ կարծելով, թե պատերազմը վերջացել է: Պարզվեց՝ պապիկ եմ դարձել: Բոլորը ծափահարում էին ու շնորհավորում: Այդ ժամանակ ավելի մեծ ոգևորությամբ շարժվեցինք դեպի սահման»,- պատմում է Սուրեն Վելյանը, որը մեկ ամսից ավելի Մարտակերտի առաջնագծում հետախույզ է եղել:

2003-ին բազմազավակ հայրը ծառայության էր անցել թիվ 11 հրշեջ-մասում որպես վարորդ: Մեքենաների իսկական գիտակ էր, առանց վարանելու իր գիտելիքները փոխանցում էր նորեկներին: Արդեն երկու տարի է՝ կենսաթոշակի է անցել, սակայն ջոկատի հետ կապը չի կորցնում. թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին իրար ապավեն են:

Երջանիկ պատահականությամբ, թե վերին նախախնամությամբ են երեք որդիները՝ Արտյոմը, Ռաֆիկն ու Արթուրը, ընտրել իրենց ուղին: Փոքրուց նրանց մեջ սերմանել է անվտանգ ապրելու մշակույթը. «Մտածեցի, որ մեր երկրին առողջ երիտասարդներ են պետք, տղաներս պիտի ծառայեն: Եթե անհրաժեշտ լինի, պատրաստ ենք նաև պատերազմի դաշտում կանգնել ժողովրդի կողքին»:

Հորից շատ բան են սովորել՝ փրկարար ծառայությունը տարբերել բանակայինից, երբեք չկռվել ընկերոջդ հետ, որը փորձանքի պահին առաջին ձեռք մեկնողն է, դեպքի վայրում սեփական անվտանգությունն ապահովել: Եվ ամենակարևորը՝ անգիր իմանալ Երևան քաղաքի բոլոր հասցեները: Փորձառու փրկարարի խոսքով՝ եթե նույնիսկ հրշեջի հմտություններին լավատեղյակ չես, միևնույն է, կարող ես ժամանակին կանխել կրակի տարածումը տեղանքում արագ կողմնորոշվելու շնորհիվ:

Խոստովանում է՝ զավակների ամեն հերթափոխին անհանգստության զգացումն իրեն չէր լքում: Եղել է՝ խոշոր հրդեհից հետո չոր հագուստ և ուտելիք է տարել նրանց: Սակայն ժամանակի հետ տագնապը վերափոխվել է վստահության:

Երեքն էլ կոփվել և «մեծացել» են թիվ 5 ՀՓՋ-ում, որը ծառայակիցները կատակով կոչում են «Վելյանների ջոկատ»: Զինված ուժերում կես տարվա ծառայությունից հետո ավագ որդինէ 32-ամյա Արտյոմը, հասկացել էր, որ իրեն այլ աշխատանք է հոգեհարազատ: 2008-ին ջոկատում ընդունվել էր որպես շարքային հրշեջ, ապա երկու տարի անց նշանակվել օղակի հրամանատար: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) շրջանավարտն այժմ Աջափնյակ բաժնի ԱԻ և ՔՊ հարցերով հրահանգիչն է: «Սովոր չէի գրասենյակային աշխատանքի՝ գրասեղան, թուղթ, գրիչ: Հրդեհաշիջումը, մարդկային կյանք փրկելն ուրիշ զգացողություններ են: Սակայն որոշ ժամանակ անց հարմարվում ես, հասկանում, որ ամեն աշխատանք իր կարևորությունն ունի: Օրինակ՝ դպրոցում երկրաշարժի թեմայով վարժանք էինք արել, դրանից մեկ շաբաթ անց իրական հրդեհ էր բռնկվել: Աշակետները մի մարդու պես տարհանվել էին և դրսում հաշվառում կատարել մինչև համապատասխան ստորաբաժանումների ժամանելը»,- հպարտությամբ վերհիշում է Արտյոմը:

Ոչ մի աշխատանք հեշտությամբ չի տրվում: Հատկապես մահվան ելքով դեպքերը մեծ ազդեցություն են թողնում արտաքուստ անկոտրում երևացող փրկարարի վրա: Արտյոմի կարծիքով` լինել փրկարար բնավ չի նշանակում վախ չունենալ: Հաղթահարելու համար կամքի ուժ է պետք: Եթե փրկարարի երդում ես տվել, այլընտրանք չունես:

Արտյոմին հաճախ կարելի է հանդիպել տարբեր մասնագիտական դասընթացների ժամանակ: Վստահ է՝ բազմակողմանի գիտելիքը երբեք ավելորդ չի լինում: Հետագա անելիքները սիրելի աշխատանքի և ընտանիքի հետ են կապված, ուր անհամբերությամբ սպասում են իր առաջնեկին:

30-ամյա Ռաֆիկը ՃԿՊԱ ուսանող է, օղակի հրամանատար թիվ 5 ՀՓՋ-ում: Քաջատեղյակ է իր ծառայակիցների ֆիզիկական հնարավորություններին և հմտություններին, այդ պատճառով ցանկացած բարդության դեպք հաղթահարելի է համարում: Կարևորն անմնացորդ նվիրվածությունն է աշխատանքին, արագ կողմնորոշվելու և անշահախնդիր մարդասիրություն դրսևորելու ունակությունը:

Շատ խոսելու փոխարեն գործել է սիրում: Չնայած հաղթանդամ կառուցվածքին՝ առաջինն է նետվում մեծ բարձրություններում փրկարարական աշխատանքներ կատարելու: Ավագ որդին՝ 5-ամյա Սուրենը, իր մեծ երկրպագուն է: Ազատ ժամանակ հրշեջի մասին պատմող մուլտֆիլմեր է դիտում, նույնիսկ հորից խաղալիք հրշեջ-մեքենա է խնդրել: Հստակ որոշել է՝ ոստիկան կամ փրկարար է դառնալու:

26-ամյա Արթուրը մասնագիտությամբ հոգեբան է, վերջերս է ավարտել ԵՊՀ մագիստրատուրան: Թեև փոքրուց սիրել է փրկարարի համազգեստը, սակայն երբեք իր ապագան փրկարար ծառայությունում չի պատկերացրել: Զորացրվելուց հետո 2011-ին որպես հրշեջ աշխատանքի է անցել հարազատ դարձած ջոկատում, երկու տարի անց ստանձնել օղակի հրամանատարի պաշտոնը, ապա ստանալով սպայական կոչում՝ տեղափոխվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: «Ինձ հետաքրքիր էր՝ ինչ է նշանակում ամենօրյա հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներից հետո հրահանգիչ լինել ազգային կենտրոնում: Շատ ուրախացա՝ իմանալով, որ օպերատիվ արձագանքման խումբ կա, և առաջվա պես կարող եմ ինչ-որ չափով մասնակցել դեպքերին: Մի կողմ եմ դնում թղթապանակս և հրշեջների հետ հավասար թրջվում»,- ժպիտով նշում է Արթուրը: Ընկերները հաճախ են հոգու հետ խաղում, իբրև այնպես է մրոտվել, կարծես կրակը մենակով է հանգցրել:

Հոգեբանի մասնագիտությունն Արթուրին օգնում է հեշտությամբ հասկանալ դիմացինի «լեզուն», տարբերել՝ ստում է նա, թե՛ ոչ: Լինում են դեպքեր, երբ ահազանգողը պարզապես զրուցակցի կարիք է ունենում. «Մի պապիկից ահազանգ էինք ստացել, պարզվեց՝ Դրաստամատ Կանայանի ազգականներից է, շատ կիրթ մարդ: Սանհանգույցի առաստաղն էր բորբոսնել, չգիտեր՝ ինչպես մաքրել: Իր կյանքը պատմեց, ապա մեզ համար դաշնամուր նվագեց: Մինչև վերջին պահն ունկնդրեցինք: Բոլորը գոհ էին»:

Երիտասարդի խոսքով՝ արտակարգ դեպքերն իրենց մեջ հիմնականում հոգեբանական տարր են կրում: Ավելի խոցելի են ինքնասպանության փորձի դիմողները, որոնց հետ պետք է հավասարը հավասարի պես խոսել: Անկեղծ զրույցն ու կարեկցանքը կարող են կանխել րոպեներ առաջ անդառնալի թվացող մահվան սպառնալիքը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ