Գլխավոր Ուսուցողական նյութեր ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

1164
Տարածել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը» կազմել է Հայաստանի գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագիրը:

 

2016-ի աշնան ամիսներին ամսական տեղումների քանակը նորմայից բարձր է եղել: Գրանցվել են նորմայի 110-210 տոկոսի չափով տեղումներ: Նախաձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա նորմային մոտ ազդեցություն են ունեցել:

Դեկտեմբերին և հունվարին տեղումները եղել են նորմայի 110-200, իսկ փետրվարին՝ 20-70 տոկոսի սահմաններում: Բացառությամբ Գեղարքունիքի. այստեղ նորմայի 110 տոկոսի չափ տեղում է գրանցվել: Ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները գարնանային վարարումների հոսքի ձևավորման նորմային մոտ, բայց բացասական շեղումով ազդեցություն են ունեցել:

Ձմռանը հանրապետությունում ակռա է եղել կայուն և առանձին հատվածներում նորմայից 1,5-4 անգամ հաստ ձնածածկ: Ձյան այս պաշարները, կախված վարարումների ժամանակահատվածի օդերևութաբանական պայմաններից, վարարումների ժամանակաշրջանում կառաջացնեն հոսքի նորմային մոտ բացասական շեղումով ծավալներ:

Այսպիսով՝ Հայաստանի գետերի մեծ մասում 2017-ի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 80-110 տոկոսի սահմաններում:

Առավելագույն ելքերը Դեբեդ, Աղստև, Հրազդան և Քասախ գետերի ավազաններում սպասվում են ապրիլի երրորդ և մայիսի առաջին տասնօրյակներում, իսկ մնացած գետերի ավազաններում՝ մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում Արաքս, Դեբեդ, Փամբակ, Աղստև, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Արփա, Սևանա լճի հարավային ափի գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրանց ուղեկցող ինտենսիվ անձրևները:

Գարնանային վարարումների ընթացքում գետերից Սևանա լիճ թափված ջուրը կկազմի նորմայի 100-120 տոկոսը: Գումարած՝ լճի գոլորշացումը, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը՝ 130 միլիոն խմ, ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170 մլն խմ, 2017 թվականի հուլիսի 1-ին Սևանա լճի մակարդակը կլինի 1900,95-1901 սմ սահմաններում՝ 25-30 սմ-ով ավելի, քան 2017 թվականի հունվարի 1-ին:

Հայաստանի խոշոր ջրամբարների 2017-ի առավելագույն լցվածությունը.

  • Ախուրյանի ջրամբար. ծավալը՝ 525 մլն խմ, լցվածությունը՝ 100 տոկոս,
  • Արփիլիճ ջրամբար. ծավալը՝ մոտ 70 մլն խմ, լցվածությունը՝ 70-76 տոկոս,
  • Ազատի ջրամբար. ծավալը՝ 70 մլն խմ, լցվածությունը՝ 100 տոկոս,
  • Մարմարիկի ջրամբար. ծավալը՝ 24 մլն խմ, լցվածությունը՝ 100 տոկոս,
  • Ապարանի ջրամբար. ծավալը մոտ 50 մլն խմ, լցվածությունը՝ 50-55 տոկոս:

Կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել վարարումների հոսքը ձևավորող գործոնները, որոնք, ըստ անհրաժեշտության, պարբերաբար կճշգրտվեն, և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: