Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին իրավիճակներ. ցնցումային նոպաներ. էպիլեպսիա

Հիվանդագին իրավիճակներ. ցնցումային նոպաներ. էպիլեպսիա

843
Տարածել

Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն, ինչը կհանգեցնի գլխուղեղի գործունեության խանգարման, ինչը կարող է արտահայտվել ցնցումային նոպաներով՝ մկանների անկառավարելի կծկումներ և գիտակցության խանգարումներ: Էպիլեպսիան ցնցումային նոպա առաջացնող քրոնիկ հիվանդություններից է: Երեխաները կարող են ցնցումների մեջ ընկնել մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով:

էպիլեպսիան ուղեկցվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձևի և տևողության նոպաներով: Հիվանդը կարող է պարզապես ընդհատել, իսկ նոպայի ավարտից հետո շարունակել կատարել գործողությունները՝ չհասկանալով, թե ինչ է կատարվել: Այս վիճակները տուժածի կյանքի համար վտանգավոր չեն և սովորաբար չեն պահանջում առաջին օգնություն: Էպիլեպտիկ ցնցումային նոպան սովորաբար տևում է մի քանի րոպե:

Որոշ հիվանդներ, մինչև բուն ցնցումային նոպան, ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ. տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայներ, համեր, հոտեր: Եթե անձը զգում է նախանշաններ, ապա կարող է մինչև նոպայի սկսվելն առանձնանալ, ընդունել հարմար դիրք կամ զգուշացնել շրջապատի մարդկանց: Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև դուք կարող եք վախենալ՝ անսպասելիորեն տեսնելով որևէ մեկին այդ վիճակում: Հիշե՛ք, որ ո՛չ հիվանդը, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան:

Ցնցումների մեջ ընկածին օգնելու համար մի՛ փորձեք դադարեցնել նոպան: Մի՛ բռնեք կամ զսպեք տուժածին, քանի որ դա կարող է հանգեցնել ոսկրամկանային համակարգի վնասվածքների: Պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ: Մի փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջև: Ցնցումների ժամանակ հիվանդները հազվադեպ են կծում լեզուն կամ այտերն այնպիսի ուժով, որ առաջանա ուժեղ արյունահոսություն: Սակայն հնարավոր է որոշակի քանակությամբ արյան առկայություն: Նոպայից հետո հիվանդը լինում է քնկոտ և ապակողմնորոշված: Բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները՝ թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել: Հանգստացրեք տուժածին: Եթե նոպան տեղի է ունեցել մարդաշատ վայրում, հիվանդը կարող է անհարմար զգալ, շփոթվել: Խնդրեք ներկաներին չհավաքվել նրա շուրջը: Մնացեք տուժածի կողքին, մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի, և նա կարողանա շրջապատում կողմնորոշվել: Ահազանգեք շտապօգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին: