Գլխավոր Միջոցառումներ Ապագա փրկարարները Մատենադարանում

Ապագա փրկարարները Մատենադարանում

1046
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն այցելել էին հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտ՝ Մատենադարան:

Մատենադարանում պահվում է ավելի քան 20 000 հայկական ձեռագիր, նաև միջնադարի հայկական մանրանկարչության նմուշներ, այդ թվում՝ Սարգիս Պիծակի ստեղծագործություններից, Կիլիկյան մանրանկարչության ձեռագրեր (Թորոս Ռոսլինի դպրոց): Ապագա փրկարարներին հատկապես գրավեց Փարիզ անունով տղայի և Վիեննա անունով աղջկա սիրո պատմության մասին ձեռագիրը:

Մատենադարանը բավականին հարուստ ժառանգություն է. Մշո Ճառընտիրը, Տոնացույցը, Զեյթունի Ավետարանը, Դաշունահար Ավետարանը, Հրաշագործ Ավետարանը, Գրիգոր Նարեկացու «Մատյանը», Միջնադարյան բժշկության սրահում ներկայացված հայկական լեռնաշխարհի բուժիչ բույսերը:

Մատենադարանի վիրտուալ սրահում կարելի է դիտել ֆիլմեր հայոց գրերի գյուտի, միջնադարյան հայ գրիչների կատարած հայրենանվեր աշխատանքի, միջնադարյան հայ պատմիչների ու գիտնականների գրած աշխատությունների մասին, տեսնել հայկական հուշարձանների պատկերները, Հայաստանի բնապատկերները, ինչպես նաև արտասահմանյան հեռուստաալիքների Մատենադարանին նվիրված հեռուստատեսային հաղորդումները: Մատենադարանի թանգարանային համալիրում այցելուներին և հյուրերին բացատրություններ են տրվում 9 լեզվով. հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն և արաբերեն: Պատահական չէ, որ Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում:

Պապերի վաստակին և սեփական ժողովրդի անցյալին ծանոթ լինելը հաստատ ավելորդ չէ ապագա փրկարարների համար: Ի վերջո, անցյալն ապագայի ուսուցիչն է՝ անցյալ չունեցողը ապագա էլ չունի:

 

Ռուզաննա ՂԱՐԻԲՅԱՆ

Ակադեմիայի դասախոս