Գլխավոր Նորություններ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

644
Տարածել

Թող միշտ սերն ուղեկից լինի մեր զինվորներին

Վիրաբուժական՝ կարդում ենք Միքայելյանի անվան հիվանդանոցի շքամուտքին ու մտնում ընդունարան: Դերասանուհի Արսինե Նավասարդյանն է ֆեյսբուքյան իր էջում գրել, որ այցելելու ենք սահմանին վիրավորված մեր տղաներին, ցանկացողները թող միանան: Եվս 4 կին՝ միմյանց անծանոթ ու տարբեր մասնագիտություններ ունեցող, պարզապես հայ մայրեր, որ ուզում են տեսնել, զրուցել մեր խաղաղությունը սեփական արյունով պահպանող հայ զինվորի հետ: Այդ այցելությամբ, ինչպես կանայք են ասում, սրտների բեռն ինչ-որ չափով ուզում են թեթևացնել:

Բարձրանում ենք հիվանդանոցի 4-րդ հարկ, հատուկ կահավորված վերականգնողական բաժին: «Անցյալ տարվա հունիսի սկզբից կամավոր սկզբունքով աշխատում ենք հետվիրահատական խնդիրներ ունեցող մեր զինվորների հետ, որոնք ունեն վերականգնողական միջամտության կարիք: Սկսել ենք Մուրացանի հոսպիտալից: Իսկ աշնանից «Միքայելյան» հիվանդանոցի այս բաժինը վերցրեցինք, կարգավորեցինք և աշխատում ենք վիրավոր տղաների հետ. մերսումներ, վարժություններ, ասեղնաբուժություն… ինչն անհրաժեշտ է նրանց ֆիզիկականը վերականգնելու համար»,- ասում է Դավիթ Պարյանը՝ իմեզիոլոգ, որ համարվում է բժշկությանը հարող մասնագիտություն, և շարունակում, որ ծրագիր ունեն, նման կենտրոններ հիմնել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և դեռ այլ հիվանդանոցներում էլ են շարունակելու ծրագրեր իրականացնել, որ իրենց աջակցում են բարերարներ և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, ինչպես նաև մեր առողջապահության նախարարությունը. «Այս պահին «Միքայելյանում» վերականգնողական բուժում են ստանում 8 հոգի, որոնցից 5-ը մշտապես այստեղ են, իսկ 3-ը՝ ցերեկը գալիս-ստանում են համապատասխան բուժում, գիշերը գնում են տուն: 24 ժամ նրանց կողքին ենք՝ ընկերոջս հետ հերթապահելով: Առաջընթացը նկատելի է, այս ամիսների ընթացքում շուրջ 30 վիրավոր զինծառայողի ենք օգնել վերականգնողական նպատակով՝ իրենց բուժմանը զուգընթաց»:

Կանայք իրենց ձեռքով պատրաստած քաղցրավենիքն են հյուրասիրում տղաներին և շուկայից գնած մրգերը, թեյ խմում ու զրուցում: Տղաները հերթով մոտենում են հենակներով ու հատուկ աթոռներով: Թեպետ վիրավոր, սակայն ասպետավարի նախ խնդրում են, որ կանայք նստեն, նոր միայն իրենք: Տղաները 4-ն են, նրանցից 5-րդը՝ Հարութը, տարեդարձի տոնակատարության է մասնակցում՝ ուշ կվերադառնա:

Արմեն Առուստամյանը Վայքից է, Հադրութում է ծառայել, վիրավորվել է 2015-ի դեկտեմբերին՝ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնելիս. «Ռմբակոծում էին մեր դիրքերը, վիրավորվեցի ոտքերից, կրծքավանդակից, բեկորային վնասվածքներ եմ ստացել և շուրջ 1 տարի ու 4 ամիս բուժվում եմ: Լավ կլինի, կվերականգնվեմ»:

Արմավիրից Անդրե Վարդումյանը բանակ է զորակոչվել 2015-ի հունվարի 20-ին և ծառայողական պարտականություններն է կատարել Մարտակերտում. «Ապրիլի 1-ի առավոտյան բարձրացանք դիրքեր, փոխարինեցինք մեր ընկերներին, և գիշերը սկսվեց հակառակորդի հարձակումը: Մեր դիրքի վրա հեռահար կրակոցներ էին, հաջորդ գիշեր դիրքի հետնամասն էի ստուգում, մի քիչ բարձր էի կանգնել և ողնաշարից վիրավորվեցի: Փամփուշտը ծակել-անցել էր, չիմացա էլ, թե ինչից էին կրակել: Տղերքը պինդ կանգնած էին, բոլորս էլ գիտակցում էինք, թե ինչի համար ենք կռվում, ինչու ենք դիրքում կանգնած»:

Լույս աչքերով գեղեցկուհին՝ Լիլիթը, փարվում է Անդրեի ուսին:

— Քո՞ւյրդ է:

— Չէ:

— Շատ եք նման:

— Բոլորն են ասում: Ընկերուհիս է:

— Բանակից առա՞ջ էր:

— Չէ, Կարմիր խաչում ենք ծանոթացել, երբ վերականգնվում էի:

Իսկ Դավիթ Հակոբյանը 2006-ին է զորակոչվել: Հետո անցել է խաղաղապահ զորքում ծառայության, 6 տարի առաջ խնդիր է ունեցել և սխալ վիրահատության հետևանքով ստիպված է բուժումը հիվանդանոցներում շարունակել ծառայության փոխարեն:

Գրիշա Առաքելյանն էլ 2012 թ. ամռանն է զորակոչվել բանակ: Զորացրվելուց 99 օր առաջ հիվանդացել է մինինգիտով և արդեն 3 տարի շարունակում է բուժվել՝ պայքարելով հիվանդության հետևանքների դեմ: Խոսում է դողդոջուն ձայնով, Ջերմուկի չքնաղ բնաշխարհից է:

Դուրս ենք գալիս «Միքայելյանից», հիվանդանոցի բակում կանայք թախծոտ ոգևորությամբ ասում են, թե ինչ լավ արեցին՝ եկան, ինչ-որ չափով թեթևություն են զգում, հաջորդ կիրակի էլ են գալու: Մոտենում ենք ավտոմեքենային, այցելելով՝ սրտից մի քար է պոկվել, բայց մեր սահմանները պաշտպանող տղաներին այս վիճակում տեսնելը մի նոր ծանրությամբ է ճնշում հոգին: Հայացքիս մեջ տանում եմ Անդրեի սիրով լի խաղաղ աչքերն ու Լիլիթի պայծառ ժպիտը: Թող միշտ սերն ուղեկից լինի սահմանին կանգնած մեր զինվորներին:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ