Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տոնացույցով ապրիլի 4-ը «Ականներից վտանգավորության հարցերի կրթության և ականազերծման աշխատանքներում օգնության» միջազգային օրն է: Նման օր ունենալու որոշում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կայացրել է 2005-ի դեկտեմբերի 3-ին: ՄԱԿ-ը հորդորել և հորդորում է մոլորակի բոլոր պետություններին զարգացնել ականազերծման ազգային համակարգերը: Պատերազմ տեսած շատ երկրներում ականապատ և ամբողջությամբ չականազերծված տարածքները լրջագույն խնդիր են խաղաղ բնակչության անվտանգության համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև «ականային» տեխնոլոգիաներն, ու, ցավոք, դեռ չի երևում այն օրը, երբ Երկիր մոլորակը կդառնա ականներից ազատ տարածք:
«Ականներից վտանգավորության հարցերի կրթության և ականազերծման աշխատանքներում օգնության» միջազգային օրը նշվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ մասնագետների քննարկման ձևաչափով, որին, բացի ԱԻՆ մասնագետներից, մասնակցում էին նաև պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, միջազգային և տեղական հասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ ՄԱԿ, Հայկական կարմիր խաչ, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն և այլն:
«Հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին: Ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ: Համայնքների համաչափ զարգացման նպատակով և աղետների ռիսկի նվազեցման համատեքստում շատ կարևոր է համայնքների համաչափ զարգացման ծրագրում ընդգրկել ականազերծման բաղադրիչը: Շնորհակալություն բոլորին՝ միասին այս կարևոր օրը նշելու և ոլորտի հարցերը քննարկելու համար: Հավատում ենք, որ շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցելով կշարունակենք մեր աշխատանքը»,- ասել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: