Գլխավոր Նորություններ ՄԱՀՎԱՆ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՆԱՅԱԾ ՈՒ ՀԱՂԹԱԾ ՄԱՐԴԸ

ՄԱՀՎԱՆ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՆԱՅԱԾ ՈՒ ՀԱՂԹԱԾ ՄԱՐԴԸ

413
Տարածել

Դժվար է մահվան աչքերի մեջ նայած մարդու հետ զրուցելը, հատկապես, երբ նա ընդամենը 20 տարեկան է և արդեն հասցրել է մահվան հետ առերեսվել և պատերզմում ապացուցել, որ ինքն է հաղթողը:

Իմ հերոսը քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Սարգսյանն է, համեստ ու խաղաղ նայվածքով, աչքերի մեջ՝ կյանքի փայլը: Հայկ Սարգսյանը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից է, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» ֆակուլտետը և սովորում է անվճար: 6 ամիս սովորելուց հետո՝ 2015 թ. հունվարին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել Արցախում՝ Մարտունու դիրքերում:

«Ապրիլի 1-ին մարտական հերթափոխի էինք իջել, մեկօրյա հանգիստ էին տրամադրել: Առավոտյան ճաշարանում էինք, երբ սկսվեց հրետակոծությունը: Խփում էին «Գրադից», երկու արկ ընկավ հենց զորամասի մեջ, իսկ մեկը՝ սպայական շենքի մոտ, որտեղ 6 տարեկան երեխա զոհվեց: Ուրիշ զոհ չենք ունեցել,- հիշում է Հայկը և շարունակում,- Հնչեց տագնապի ազդանշանը, և հրամանատարը հրահանգեց, որ զինվորները հանդերձավորվեն, որպեսզի բարձրանան դիրքեր: Ադրբեջանական հարձակումը մի քանի ժամ էր արդեն, որ սկսվել էր, գիշերը, և առաջինը մեր վաշտն էր՝ 11-րդ հրաձգայինը, որ բարձրացավ առաջին գիծ: Ռումբերի տարափի տակ վազում էինք մեքենաների կայանատեղի: 2 ժամ տևեց, մինչև հասանք դիրքեր: Տեղ հասնելուն պես փոխարինեցինք տղաներին, ամբողջ գիշեր տղաները պաշտպանել էին դիրքը և թույլ չէին տվել, որ թշնամին առաջանա: Տղաները գնացին ուրիշ դիրքեր ուժեղացնելու, իսկ մենք նրանց փոխարեն մնացինք դիրքում: 2 օր մարտական հերթապահության էինք: Ապրիլի 1-ի առավոտյան հանկարծ վաշտի հրամանատարը զանգահարեց դիրքի հրամանատարին և հրահանգեց տագնապ հայտարարել: Տագնապ-ազդանշանով դիրքավորվեցինք մեր խրամաբջիջներում և սպասեցիք թշնամու հարձակմանը,- հիշում է քառօրյա պատերազմի մասնակիցն ու հավելում,- մեր դիրքերի ուղղությամբ հարձակում չեղավ: Բայց հեռադիտակով տեսնում էինք, որ թշնամու թիկունքում ծանր տեխնիկայի տեղաշարժ կա և հավանականությունը մեծ էր, որ հարձակվելու են»:

Հայկի խոսքով՝ իրենց դիրքերի վրա հարձակում չեղավ, ճնշման տակ էին Մարտունու 3 դիրքերը: Հետո ճնշումը թուլացավ՝ շնորհիվ մեր հերոս տղաների մարտունակության և անպարտ ոգու: Պատմում է. «Իրավիճակը շատ լարված էր, արդեն գիտեինք, որ պատերազմ է: Անվերջ կրակում էին, մենք՝ պատասխանում, բայց՝ անհրաժեշտության դեպքում»:

Հայկը 3 ամիս անընդհատ դիրքերում է եղել, ընդամենը 4 անգամ է կարճ ժամանակով իջել լողանալու, հանդերձանքը կարգի բերելու համար և նորից բարձրացել դիրքեր: «Հերթապահությունը կատարել ենք բարձր մակարդակով, դրա համար էլ թշնամին վախենում էր հարձակվել մեր դիրքի վրա: Ապրիլից հետո մի 3-4 անգամ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցում է եղել մեր դիրքի ուղղությամբ, բայց միշտ էլ ժամանակին կանխել ենք ու թշնամուն ետ շպրտել»,- շարունակում է մանրամասներ հիշել քառօրյա պատերազի մասնակիցը:

Թե այդ պահերին ինչ զգացողություններ է ունեցել Հայկը, դժվար է պատկերացնել, ասում է. «Դուխներս տեղն էր, որովհետև մեր հողն էինք պաշտպանում: Արդեն այդ պահին կյանքի մասին չես մտածում, երկրորդական է դառնում, չեմ կարող բացատրել, բոլորովին ուրիշ զգացողություն ես ունենում դիրքերում»:

Հայկը պատվոգրի է արժանացել քառօրյա պատերազմում մարտական հերթապահություն իրականացնելու համար, պարգևատրվել է նաև «Քաջարի մարտիկ» մեդալով:

Զորացրվել է այս տարվա հունվարին, վերադարձել ակադեմիա. «Հիմա էլ կաշխատեմ իմ փորձն ու ձեռք բերածը փրկարարական գործի մեջ ներդնել՝ արդեն խաղաղ պայմաններում փրկելով մարդկային կյանքեր»: