Գլխավոր Նորություններ ՏՂԵՐՔԸ՝ ՄԱՐՏԻ ՆԵՏՎԱԾ ԱՌՅՈՒԾՆԵՐ…

ՏՂԵՐՔԸ՝ ՄԱՐՏԻ ՆԵՏՎԱԾ ԱՌՅՈՒԾՆԵՐ…

1140
Տարածել

Ապրիլյան պատերազմի օրերին դիրքերում ու սահմանին մարտնչում էին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողները, որոնց հարկ ենք համարում ներկայացնել իրենց անցած մարտական ուղիով:

Հարութ Թադևոսյան. Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, 2014-ին զորակոչվել Հայոց բանակ, ծառայել Մարտակերտում: Հիշում է, որ ապրիլի 2-ի առավոտյան տագնապով բարձրացել են Թալիշի դիրքեր: Այդ ժամանակ արդեն սերժանտի ուսադիրներ էր կրում և BMP-ի հրամանատար էր: Հարութն ասում է, որ ավելի լավ կլինի, եթե հիշենք մեր հերոս տղերքին, որոնք զոհվեցին, հիշենք նրանց ծնողներին: Հետո շարունակում է պատմել, որ գիտեին՝ առաջնագծում լարված է դրությունը, բայց չէին պատկերացնում, թե ինչ իրավիճակ է մինչև դիրքեր հասնելն ու սեփական աչքով տեսնելը. «Բարձրացանք դիրքեր, ամեն վայրկյան պատրաստ թշնամու ոտնձգություններին: Շուրջօրյա մարտական հերթապահություն էինք իրականացնում: Թշնամին արդեն նահանջում էր: Այդ ժամանակ թալիշցիները գյուղից դուրս էին գալիս, մենք պաշտպանում էինք և՛ գյուղը, և՛ դիրքերը: Մի քանի օր հետո տեղափոխվեցինք ուրիշ դիրքեր: Սպասում էինք հակառակորդի նոր հարձակմանը, բայց, ցավոք, չեկան: Ափսոս, պատրաստ սպասում էինք: Տղերքը ոնց որ վանդակից թողած առյուծ լինեին: Հիմա էլ պատրաստ եմ, չեմ ասում՝ մեծ հաճույքով, բայց էլի կգնամ»:

Հարութը զորացրվել է 2016-ի հունիսին՝ հենց դիրքերից: Արժանացել է շնորհակալագրերի ու պատվոգրերի: Զինգրքույկում նշված է՝ մարտական գործողությունների մասնակից:

Արմեն Կուրմինյան. Արարատ քաղաքից է, ՃԿՊԱ-ի առաջին կուրսի ուսանող, ապագա հրշեջ-փրկարար: Այս տարվա հունվարին է զորացրվել, ծառայել է «Եղնիկներում», եղել է դիրքապահ: «Ապրիլի 1-ին դիրքերից իջել ենք գումարտակ: Հարձակումը սկսվեց գիշերը: Մոտ 2 ժամ ռմբակոծում էին գումարտակը: Խուճապի չմատնվեցինք, վախ չկար, պարզապես զգույշ էինք մեր գործողություններում: Ապրիլի 2-ի առավոտյան նորից բարձրացանք դիրքեր: Դիրքը ռմբակոծում էին օդային հարվածներով, թույլ չենք տվել, որ թշնամին մոտենա: Ապրիլի 10-ին իջանք դարաններ, որտեղ մնացինք 2 ամիս, դարանակալած հսկում էինք: Հետո իջել ենք գումարտակ, անցել հերթապահության՝ ըստ կանոնակարգի»: Եթե կրկին հայրենիքը զինվորի կարիք ունենա, ի՞նչ կանես՝ հարցին, Հարութը կտրուկ պատասխանում է՝ գնալու եմ: Ունի շնորհակալագիր ու պատվոգիր:

Էդուարդ Վանյան. «Փրկարարական գործ» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, Երևանի բնակիչ: 2014-ի ամռանը զորակոչվել է ու ծառայել Արցախի «Արալեռ» զորամասում՝ որպես մեխանիկ վարորդ: «Զորամասում էինք, գիշերը հրանոթներով կրակում էին զորանոցի վրա: Ապրիլի 2-ի առավոտյան տագնապի ազդանշանով բարձրացանք դիրքեր: Ես իմ մեքենայով և՛ զինվորներին, և՛ տեխնիկան եմ բարձրացրել: Շուրջօրյա մարտական հերթապահության էինք՝ պատասխանելով հակառակորդի կրակոցներին: Թույլ չենք տվել մոտենա մեր դիրքերին: 2 ամիս դիրքերում ենք եղել, մեկս մեկին թիկունք կանգնած մեր հողն ենք պաշտպանել»: Զորավարժություններին լավ մասնակցության համար պարգևատրվել է ժամացույցով, իսկ քառօրյա պատերազմից հետո արժանացել է «Մարշալ Բաղրամյան» մեդալի:

Լևոն Տոնոյան. «Ճգնաժամային կառավարում» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է, Երևանի Աջափնյակ համայնքից: 2014-ի հունիսին զորակոչվել է բանակ և ծառայել Ասկերանի զորամասում: «Երբ հարձակումը սկսվեց, զորամասում էինք, տագնապով բարձրացանք Աղդամի դիրքեր, ես ականանետի նշանառու էի: Թշնամին փորձում էր հարձակվել Աղդամի ուղղությամբ, թույլ չտվեցինք: Մինչև հունիսի 15-ը դիրքերում էինք»: Լևոնն ասում է, որ պատերազմական իրավիճակում զինվորը զգացողություններ գրեթե չի ունենում, մտածում է թշնամուն կանխելու և պաշտպանվելու մասին, ավելի շատ՝ հողը չկորցնելու, քան՝ սեփական կյանքի:

Արմեն Հայրապետյան. Արմատներով Արցախից է, այժմ բնակվում է Ավանում և սովորում «Քաղաքացիական պաշտպանություն» ֆակուլտետի 1-ին կուրսում: Ծառայողական պարտականությունները կատարել է Արցախի «Հայկազով» զորամասում՝ պաշտպանելով Ասկերանը: «Հրետանավոր էի, Ասկերանի դիրքերը պաշտպանում էինք հեռվից՝ կանխելով թշնամու հեռահար հարվածներն ու խոցելով կրակակետերը: Ապրիլի 2-ին դիրքերում էի: Մեկ օր հետո տեղափոխվել ենք Մարաղա և մեկ ամիս մնացել Տիգրանակերտի եկեղեցու մոտ: Երկուսուկես ամիս դիրքերում էինք: Թշնամուն խփում էինք 15-20 կմ հեռվից: Այդպես  կանգնեցրինք թշնամու շարժը: Ապրիլի 27-28-ի գիշերն էլ կրակեցին «Գրադից», հակահարված տալով՝ կանխեցինք թշնամու հարձակման փորձը»: Արմենի զինգրքույկում նշված է՝ մարտական գործողությունների մասնակից և հերթապահություն: Առանց հարցնելու՝ հավելում է, որ եթե պետք լինի, էլի կգնա, քանի որ ինքն իր հողն է պաշտպանում և հարազատներին, իսկ մահից չի վախենում, հավատում է ճակատագրին:

Արշակ Հարությունյան. «Քաղաքացիական պաշտպանություն» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է՝ Արարատի մարզի Արբատ գյուղից: 2014-ին զորակոչվել է բանակ, ծառայել Շուշիի առանձին ռադիոտեխնիկական գումարտակում՝ որպես ռադիոհետախույզ: Ապրիլի լույս 2-ի գիշերը դիրքում է եղել: «Ապրիլյան օրերին կատարում էինք շուրջօրյա ռադիոհետախուզություն: Անընդհատ տեղափոխվում էինք, այդ իսկ պատճառով մեզ վրա հարձակում չեղավ, մեր տեղը չէին կարողանում գտնել»,- պատմում է քաջարի զինվորը: Արշակը գիտե նաև հակառակորդի լեզուն, որսացել է նրանց խոսակցությունը, տեղեկություններ հաղորդել հրամանատարությանը, ինչի շնորհիվ մերոնք կարողացել են կանխել առաջնագծում թշնամու առաջխաղացումը: Գրեթե 2 տարի ռադիոտեխնիկայով դիրքերում է եղել: Մեկ անգամ է արձակուրդ գալու առիթով դիրքերից իջել: Արժանացել է պատվոգրի և «Անդրանիկ Օզանյան» մեդալի: Ավելորդ է համարում նշել, որ այդ օրերին բոլորը մատական էին, անգամ նրանք էին ձգտում առաջնագիծ գնալ, որոնցից չէին սպասում:

Հարութ Հարությունյան. «Ճգնաժամային կառավարում» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է, Եղեգնաձորի Մալիշկա գյուղից: 2015-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել Ստեփանակերտում: «Երբ հակառակորդը հարձակումը սկսեց, զորամասում էինք: Ես հրետանավոր էի: Առաջին գծում չեմ եղել»: Հարութը չի ուզում հիշել ու պատմել, համեստորեն ասում է՝ «Օրեր էին, դեպք էր, անցավ ու գնաց, հիշելու հետաքրքիր բան չկա»:

Պետրոս Թադևոսյան. Գառնիից է, սովորում է «Փրկարարական գործ» ֆակուլտետի 2-րդ կուրսում: 2014-ին է զորակոչվել բանակ, ծառայել Մեղրիի զորամասի հակաօդային պաշտպանությունում, որպես ջոկի հրամանատար: «Ապրիլյան օրերին մեր սահմանի այդ հատվածում կրակոցներ չեն եղել, բայց զորամասն առավել պաշտպանված և պատրաստ էր ցանկացած հարձակման»: Պետրոսը նշում է նաև, որ Մեղրիում մեր դիրքերը շատ ավելի բարենպաստ էին և լավ պաշտպանված, ինչն էլ ստիպում է հակառակորդին ձեռնպահ մնալ ոտնձգություններից: