Գլխավոր Նորություններ ՆԱ, ՈՎ ՉԷՐ ՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՆԱ, ՈՎ ՉԷՐ ՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ

864
Տարածել

Հավանաբար, մարտադաշտում ամենաթանկը զինվորին կցված զենքն է և զենքից ոչ պակաս թանկ մարտընկերը: Այդ երկուսով է պայմանավորված կյանքն ու պաշտպանած հողի գոյությունը: Թերևս հենց այդ պատճառով է, որ հաճախ ու գրեթե միշտ չեն խնայում կյանքն ընկերոջ համար և սեփական կյանքով են փրկում զինակից ընկերոջը, որովհետև նրանք մահը հավասար և միասին են տեսել: Ճակատային գծում միշտ էլ մահվան տագնապ կա օդում: Այդպիսի մի գիշեր էր սահմանին ու դիրքերում, երբ Նորայր Մելքոնյանը փրկեց մարտընկերների կյանքն այս անգամ ոչ թե թշնամու ռմբակոծությունից կամ ներխուժումից, այլ տարերային աղետից: Փրկարար զինվորը սովորում է ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» ֆակուլտետի 1-ին կուրսում: Բուհ ընդունվել է 2014-ի ամռանը, իսկ 2015-ի հունվարի 21-ին զորակոչվել Հայոց բանակ և ծառայել Սյունիքի մարզի Որոտան քաղաքի զորամասում՝ որպես կապավոր:

«Ապրիլի լույս 2-ի գիշերը զորամասում էինք, առավոտյան տագնապով բարձրացել ենք դիրքեր, իրականացրել մարտական գործողություններ, սահմանել շուրջօրյա հերթապահություն: Մերը հրետանային գունդ էր, առաջնագծում չենք եղել: Հակառակորդը կրակում էր, իսկ մենք պատասխանում էինք անհրաժեշտության դեպքում: Այդ օրերին ճշտում էինք հակառակորդի նշանակետերը՝ հարկ եղած դեպքում ոչնչացնելու համար»,- հիշում է Նորայրը: Քառօրյաից հետո իջնում են նստեցման շրջան, արդեն կամավորներն են գալիս ու կանգնում կրտսեր զինակիցների կողքին: «Անընդհատ վարժանքների մեջ էինք: Ավելի զգոն էինք այդ օրերին և փորձում էինք վերհիշել ամեն ինչ առավել պատրաստ լինելու համար: Մոտ 3 ամիս դիրքերում էինք, հունիսի վերջին ենք միայն զորամաս իջել: Պարեկություն էինք իրականացնում և կապի հերթապահություն, երկու ժամը մեկ փոխում հերթափոխը: Ես ապահովում էի կապը, որպեսզի մեր հրամանատարը կարողանա խոսել գնդի հրամանատարի հետ»,- շարունակում է քառօրյա պատերազի օրերին Հայաստանի սահմանը հսկած զինվորը և շեշտում. «Բոլորիս զգացողությունը մարտական էր, պատրաստ կանգնել էինք դիրքերում: Վախ չկար, ավելի շատ հետաքրքրությունն էր: Մեզ, որ չէինք տեսել, թե ինչ բան է պատերազմը, հետաքրքրում էին մարտական գործողությունները»:

Իսկ անցյալ տարի ամռանը՝ հուլիսի 8-ին, գիշերը, երբ հերթափոխից հետո վրաններում պառկած Նորայրն ու զինակիցները հանգստանում էին… «Քնած էի: Արթնացրին: Ջրի ձայն լսեցինք: Պարզվեց՝ աղետ է՝ հորդառատ անձրևից ու կարկուտից առաջացած հեղեղ: Տղաների մի մասը բարձրացավ տեխնիկայի վրա, մի մասն էլ պարզապես մտավ մեքենաների մեջ՝ հեղեղից պատսպարվելու նպատակով: Զինվորներն իրենց զենքն էին վերցնում՝ փրկելով ահագնացող ջրից: Ուժեղ էր ջրի հոսքը, որ տեխնիկան քշեց-տարավ: Երբ հանդարտվեց հեղեղը, իջա տեխնիկայի վրայից: Մեր հրամանատարներից մեկն էլ եկավ և միասին, մեզ հետ նաև մի զինվոր, սկսեցինք տղաներին դուրս բերել ջրից: Մի քանիսը մեքենաների մեջ էին, «լյուկերը» չէին կարողանում բացել, ջուրը լցվել էր ներս: Տղաներն արդեն խեղդվում էին: Մի մասն էլ տեխնիկայի վրա էին՝ սառը ջրի մեջ: Դուրս ենք բերել մոտ 10-12 զինվորի»,- շարունակում է հիշել ընկերների կյանքը փրկած Նորայրը: Ջրի սառնությունից անզգայացել էին ձեռք ու ոտք: Լույս չկար, հեռախոսների լույսերով են կարողացել մի կերպ փրկել տղաներին: «Հետո զորքը եկավ, շարվեցինք, որ ճշտենք, թե մեզնից ով կա և ով չկա: Պարզվեց, որ մեր դասակից 2 զինվոր և մեր հրամանատարը չկան: Հրամանատարին գտանք ծանր վիրավոր, զինվորներին առավոտյան գտանք՝ տարերային աղետին զոհ դարձած»:

Ընկերների կյանքը փրկած Նորայր Մելքոնյանն այդ առիթով անձամբ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Գարեգին Նժդեհ» մեդալի, իսկ ծառայության ընթացքում պատվոգրերի ու շնորհակալագրերի: Զորացրվելուց հետո կրտսեր սերժանտ Նորայր Մելքոնյանը շարունակում է ուսումն ակադեմիայում, ցանկությունն է աշխատել ԱԻՆ համակարգում՝ փրկարարի առաքելությունը շարունակելով նաև խաղաղ պայմաններում: Զորացրված զինվորն ու ուսանողը ապրում է իր ծննդավայր Էջմիածնում՝ ծնողների հետ, ազատ ժամանակ զբաղվում գյուղաշխատանքներով: