Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ ԵՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ

ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ ԵՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ

1047
Տարածել

ԱՄՆ կառավարությունը գնահատում է Հայաստանի փրկարարներին

Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի մարզի Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում հանդիսավոր արարողություն էր: ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրով ջոկատին տրամադրվեց հրդեհաշիջման նոր հանդերձանք և գույք:

 

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց նվիրաբերված հանդերձանքն ու գույքը, դրանց տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Նրա խոսքով՝ նոր հանդերձանքի ու գույքի կարիքը վաղուց կար, և դրանք կհզորացնեն փրկարար ծառայության կարելությունները: Գույքն ու հանդերձանքը կբաշխվեն Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին:

«Նման բարձր որակի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Դրանք կօգնեն մեզ բարձրացնելու փրկարար ծառայության կարողություններն ու չափանիշները, մեր տեխնիկական հագեցվածությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Տոնոյանը:

Ռիչարդ Միլսը նախ շնորհակալություն հայտնեց նախարար Տոնոյանին, Մասիսի հրշեջ-փրկարարներին ջերմ ընդունելության համար և նշեց, որ ԱՄՆ կառավարության նվիրատվությունը յուրահատուկ գնահատանք է մեր փրկարարներին, արագ արձագանքման խմբերին իրենց անխոնջ ծառայության համար. «Նշանավորելով հրշեջ-փրկարարների նվիրումն ու արհեստավարժությունը՝ ԱՄՆ կառավարությունը մեծ սիրով ցանկանում է ԱԻ նախարարությանը և Հայաստանի ժողովրդին փոխանցել այս սարքավորումները, որոնք նախատեսված են կյանքեր փրկելու համար: Արագ արձագանքման անձնակազմերը, ինչպիսիք են հրշեջները, աշխարհի ցանկացած վայրում ունեն մեկ խնդիր՝ փրկել մարդկային կյանքեր: Մենք վստահում ենք նրանց մեր կյանքը՝ հստակ գիտակցելով, որ նրանք անձնազոհ ծառայություն են իրականացնում՝ փրկության ձեռք մեկնելով մարդկանց»: Դեսպանն ընդգծեց, որ ԱՄՆ զինված ուժերի մարդասիրական ծրագրերի շրջանակում 400 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ ու միջոցներ են նախատեսվել, որոնք կհատկացվեն 4 մարզերի քաղաքներին՝ Մասիսի, Արտաշատի, Սիսիանի, Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներին: Նա նաև նշեց, որ ջոկատների վերազինումը նոր հնարավորություններ է ընձեռելու առավել արդյունավետ ու նպատակային իրականացնելու փրկարարական գործը՝ միաժամանակ նաև ապահովելով հավելյալ անվտանգության երաշխիքներ հենց փրկարարների անվտանգության համար: Նաև հավելեց, որ այս նվիրատվությունը մեկն է այն բազում ծրագրերից ու նախաձեռնություններից, որոնք իրականացվում են ՀՀ ԱԻՆ-ի և ԱՄՆ զինված ուժերի ամուր և տևական համագործակցությամբ:

Արարողությունից հետո նախարար Դավիթ Տոնոյանը Մասիս քաղաքի ՀՓՋ-ից ուղևորվեց Արտաշատ: Այցելեց Արարատի մարզի ճգնաժամային  կառավարման կենտրոն, Արտաշատի, Արարատի, Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներ, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, «Հիդրոմետ» ծառայության երկու կայան, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ ծանոթանալու այդ ստորաբաժանումների շենքային ու աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու կարիքներին:

Համայնքային և մարզային ղեկավարության հետ հանդիպմանը նախարար Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ համարեց բյուջետային պլանավորումների ընթացքում շեշտադրումներ անել աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա կանխատեսելու, նվազեցնելու հնարավոր աղետները:

Այցի ընթացքում Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվեց ամերիկյան հանդերձանքն ու գույքը:

Քաղաքային ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Միքայելյանը նկատեց, որ նվիրաբերված սարքավորումներն առավել նպաստավոր և անվտանգ կդարձնեն փրկարարների աշխատանքը, շեշտելով, որ դրանք, նախկինում իրենց ունեցածի համեմատ, արդյունավետ են ու ժամանակակից:

Նշենք, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրվել է 80 լրակազմ հրշեջ-հանդերձանք՝ հրակայուն, ջերմամեկուսիչ բաճկոն և տաբատ, 80 զույգ փրկարարական ձեռնոց և 80 հատ պողպատե կացին՝ պատյանով, 4-ական հիդրավլիկ սարքավորման պոմպ, հիդրավլիկ սիլիկոնե փողրակ՝

30 մ չափերիզով, հիդրավլիկ մկրատ՝ փրկարարական աշխատանքների համար, գերհզոր, հիդրավլիկ բադիկ, հիդրավլիկ ամբարձիչ, օդի կոմպրեսոր, թթվածնի բալոն՝ 7 լ տարողությամբ, և ձեռքի հիդրավլիկ համակարգ՝ մեխանիկական, 40 հատ էլ մարտական բաճկոն և 4 լրակազմ լուսարձակ՝ գազի գեներատորով:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Lուսանկարները՝ mes.am-ի