Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կվերապատրաստվեն ՀՓՋ հրամանատարները

Կվերապատրաստվեն ՀՓՋ հրամանատարները

665
Տարածել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ապրիլի 3-8-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների վերապատրաստում:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան Գևորգ Հովակիմյանի խոսքով՝ նման դասընթացներն անցկացվում են պարբերաբար՝ երեք տարին մեկ, մասնակցում են Հայաստանի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները՝ թե մարզերից, թե մայրաքաղաքից: Այս դասընթացին մասնակցում է 12 հրամանատար. 10-ը՝ մարզերից (ամեն մարզից՝ մեկական), երկուսը՝ մայրաքաղաքից:

Սա լսարանային՝ տեսական պարապմունք է, որը վարելու են ինչպես ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոսները, այնպես էլ փրկարարական ծառայության տարբեր վարչությունների մասնագետները: Թեմաների շրջանակը բավականին լայն է. «Ծառայության կազմակերպումը հրշեջ-փրկարարական ջոկատում», «Փաստաթղթերի վարման կարգը»,  «Հրշեջ-փրկարարական աշխատանքների ղեկավարումը», «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ», «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների պլանավորումը», «Հայաստանին բնորոշ տարերային և տեխնածին աղետները» և այլն: Դասընթացում շեշտը դրվում է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման, կառավարման, անվտանգության ապահովման վրա: Սակայն մյուս թեմաներն էլ անհրաժեշտ են ՀՓՋ  հրամանատարներին: Հրշեջ-փրկարարական ջոկատները՝ հրամանատարների գլխավորությամբ, ոչ միայն հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպիչ են և ղեկավար, այլև պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների կանխմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աղետների հետևանքների վերացմամբ, քաղաքացիական պաշտպանությամբ:

 

Ա.Զ.