Գլխավոր Ուսուցողական նյութեր ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1171
Տարածել

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում

Մինչև 1920-ական թվականները կովկասյան ազնվացեղ եղջերուն հանդիպում էր Հայաստանի հյուսիսում, իսկ մինչև

1950-ականները՝ հարավում: Որսագողության հետևանքով կենդանին անհետացավ մեր անտառներից՝ ընդգրկվելով

2010-ի «ՀՀ կարմիր գրքում», որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ:

 

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature) հայաստանյան մասնաճյուղը 2013-ին սկսել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը: Մինչև այս տարվա հունիսի վերջը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կհիմնվի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը՝ 10 հա տարածքով:

«Միջազգային փորձագետները, ուսումնասիրելով Հայաստանի անտառային տարածքները, եկել են եզրակացության, որ հենց Դիլիջանի անտառներում են ամենաբարենպաստ պայմաններն ազնվացեղ եղջերուի բազմացման, հետագայում նաև բացթողնման համար: Հաշվի է առնվել ամեն ինչ՝ կերային բազայից մինչև եղանակային բարենպաստ պայմաններ»,- մանրամասնում է ծրագրի ղեկավար Արթուր Ալավերդյանը:

Բազմացման կենտրոնն իր տեսակով բացառիկ է, Հարավային Կովկասի և ոչ մի երկրում նման կենտրոն գոյություն չունի: Կենտրոնի տարածքը պահպանվելու է հատուկ էլեկտրական ցանկապատով. որքան էլ եղջերուն փորձի դուրս գալ հատուկ պահպանվող տարածքից, միևնույն է՝ չի արգելափակվի ցանցի մեջ: Սովորական ցանկապատի դեպքում կենդանու եղջյուրները խրվում էին ցանցերի արանքում, իսկ երբ փորձում էր դուրս հանել դրանք, շատ հաճախ վիզը կոտրվում էր: Էլեկտրահարվածներ արձակող ցանկապատը եղջերուներին  հեռու կպահի գիշատիչներից: Բացի դրանից՝ բազմացման կենտրոնում կիրառվելու են տարբեր նորագույն տեխնոլոգիաներ. օրինակ՝ կենտրոնն իր կարիքների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան ստանալու է արևային մարտկոցներից: Տարածքում 24-ժամյա առցանց տեսաձայնագրման հնարավորությունը թույլ է տալու աշխարհի ցանկացած անկյունից հետևել կենդանիների շարժին:

Արդեն նշմարվում է բազմացման կենտրոնի շինարարության ավարտը, մնում է լուծել կովկասյան ազնվացեղ եղջերուների հայթայթման խնդիրը: «Ազնվացեղ եղջերվի հենց այս ենթատեսակը գտնելը բավականին բարդ է: Վայրի բնության մեջ նրանք հանդիպում են շատ քիչ երկրներում: Նմանատիպ կենդանիներ կան Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում և այլն, սակայն պետք է համոզվել, որ հենց այն ենթատեսակն է, որը մեզ պետք է: Մեր մասնագետը եղել է Թեհրանի կենդանաբանական այգում, գենետիկական նյութեր վերցրել կենդանիներից, որոնք ուղարկվել են Գերմանիա՝ գենետիկական հետազոտության: Բարդ և երկարատև գործընթացից հետո պարզվել է, որ դա կովկասյան ենթատեսակի եղջերու է»,- ավելացնում է Արթուր Ալավերդյանը:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ կենդանիների մի մասը՝ 3-4 առանձնյակ, կբերվի հենց Թեհրանից, բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Վրաստանի հետ: Մինչև տարեվերջ նախատեսված է բազմացման կենտրոն տեղափոխել 14 առանձնյակ:

Կենդանիների տեղափոխումը ևս լուրջ խնդիր է. օրինակ՝ խորհուրդ չի տրվում կենդանիներին տեղափոխել ամռան ամիսներին, բացի դրանից՝ երկար ճանապարհի անցումը պետք է տեղի ունենա կանգառներով, որպեսզի կենդանիները հնարավորինս սթրեսի չենթարկվեն: Ազնվացեղ եղջերուները Հայաստան կբերվեն աշնանը: Քննարկման փուլում է նաև կենդանիներին Հայաստանին տրամադրելու ձևը. գուցե այն լինի նվիրատվության տեսքով կամ ձեռք բերման:

Հաջորդ փուլն արդեն կենտրոնում բազմացման գործընթացն է: Ըստ մասնագետների հաշվարկների՝ մոտ 2-3 տարի անց հնարավոր է կենդանիներին փոքր խմբերով բաց թողնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Դրանից հետո էլ անվտանգության միջոցառումները կշարունակվեն. կենդանիներից յուրաքանչյուրին կամրացվի GPS համակարգ, որը հնարավորություն է տալիս տեսնել կենդանու գտնվելու վայրը, ազգային պարկի տարածքում կլինի նաև արագ արձագանքման խումբ, որը կենդանու ոչ սովորական վարքագծի դեպքում կշտապի օգնության: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կտեղադրվեն նաև ֆոտոխցիկներ, որոնք հնարավորություն կտան ֆիքսել ինչպես կենդանիներին, այնպես էլ որսագողերին:

«Այն շրջանում, երբ կենդանին կգտնվի բազմացման կենտրոնում, ռիսկերը գրեթե բացառվում են: Բաց թողնելուց հետո ազնվացեղ եղջերուի համար վտանգ են ներկայացնում ինչպես գիշատիչները, օրինակ՝ գայլերի ոհմակը, այնպես էլ վայրենացած շները: Որքան շատ եղջերու մեզ հաջողվի բազմացնել, այնքան ռիսկերը կպակասեն, չէ՞ որ բնությունն իր չգրված օրենքներն ունի»,- ասում է ծրագրի համակարգող Արթուր Ալավերդյանը:

Կովկասյան ազնվացեղ եղջերուն անտրոպոֆոբ (մարդատյաց) կենդանի է, մարդու անմիջական ներգործությունը կարող է վատ ազդեցություն ունենալ նրա վրա: Սակայն կերակրման պարագայում նրանք կարող են և կապվել մարդու հետ:

Արթուր Ալավերդյանը համոզված է, որ հարակից համայնքների բնակչությունը պատասխանատվությամբ կվերաբերվի ծրագրի իրագործմանը, ու նաև նրանց շնորհիվ կենդանու համար կստեղծվի անվտանգ միջավայր: Կովկասյան ազնվացեղ եղջերուների առկայությունն իր բնական միջավայրում կրթական և էկոդաստիարակչական նշանակություն կունենա: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն արդեն իսկ այս տարածքում մտածում է նաև տուրիզմի զարգացման հեռանկարների մասին:

Գործընթացը երկարատև է, ու տեսանելի լավ արդյունք արձանագրելու համար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջվելու: