Գլխավոր Նորություններ ԵՍ ԿԳԱՄ ՏՈՒՆ

ԵՍ ԿԳԱՄ ՏՈՒՆ

1237
Տարածել

Երգ՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին

Արդեն մեկ տարի է ինչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գրվում են բանաստեղծություններ, նկարվում են կտավներ, հնչում է երաժշտություն և մեր կյանքի ու էության, մշակույթի անբաժան մասը կազմում: Այս օրերին երիտասարդ ռեժիսոր, վիզուալ արվեստների մասնագետ Սերժ Գաբյանը տեսահոլովակ է նկարահանել SKYRAFT ստուդիայում:

«Ցանկանում էի ինչ-որ կերպ անդրադառնալ ապրիլյան պատերազմին և առիթը եկավ»,- ասում է ռեժիսորը: Ընկերը՝ երգիչ Սարգիս Ավետիսյանը, որի հետ երկար ժամանակ աշխատում է, իրեն է ներկայացնում «Ես կգամ տուն» երգը: «Երգը լսելիս անմիջապես միտք առաջացավ նկարահանել տեսահոլովակ՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Ցանկացած գործողություն, պատերազմական դրվագ կամ դերասանական խաղ կլիներ ավելորդություն, ոչ ազնիվ: Հասկացանք, որ այս դեպքում լավ է այն տարբերակը, որտեղ շրջանցվում է դրամատուրգիան, սյուժեն, գործողությունը, փոխարենը ցույց էինք տալու այն մարդկանց, որոնց հիշել է պետք այդ երգի շնորհիվ: Որոշել էինք վիրավոր տղաների լուսանկարների կողքին ներկայացնել նաև զոհվածերին, բայց հասկացանք, որ այդ գաղափարից հրաժարվել է պետք… Ողջ մնացած տղաներին ցույց տալն է ճիշտ, որոնք պակաս հերոսներ չեն: Շարունակվող կյանքն ուզեցինք ցույց տալ, ապրող ու արարող մարդկանց»,- շարունակում է ռեժիսորը:

Տղաները շատ էին, չէին կարող բոլորին ընդգրկել տեսահոլովակում: «Առանց ընտրելու նկարել ենք մի քանիսին, պարզապես ցույց տալու, հիշեցնելու համար, որպեսզի հանդիսատեսը նրանց հայացքը, այդ օրերի պատմությունն իմանա, հիշի: Կուզենայի բոլոր կռված տղաներին ցույց տալ տեսահոլովակում, բայց… Հանդիսատեսը սիրեց, գնահատեց տեսահոլովակը: Տղաները տարբեր էին, մեկը խոնարհ էր, մյուսը՝ խրոխտ, ապրում են այդ օրերի հիշողությամբ՝ աչքներում փայլ»,- ամփոփում է «Ես կգամ տուն» ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված տեսահոկովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը:

 

Ֆելիքս ԵՂԻԶԱՐՅԱՆ