Գլխավոր Նորություններ ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԻ ԿՐՈՂՆԵՐԸ

ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԻ ԿՐՈՂՆԵՐԸ

1068
Տարածել

Հայ բժշկության թանգարանում

Մարդիկ բժիշկներից և ուսուցիչներից հրաշք են պահանջում, բայց բնավ չեն զարմանում, երբ հրաշքն այդ տեսնում են:

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ, դրամատուրգ

 

Հին ժամանակներից ի վեր բժիշկները համարվել են աստվածային շնորհով օժտվածներ: Նույնիսկ մարգարեները հիվանդին բուժելիս օգտագործել են տարածված բժշկական հնարքները: Կա հիշատակում Իլյա անունով մի մարգարեի մասին, որին դիմել էր շնչահեղձ լինող երեխայի մայրը: Իլյան հիվանդին պառկեցրել էր տան տանիքին և  ամբողջ մարմնով կռացել վրան՝ ենթադրաբար կիրառելով արհեստական շնչառության մեթոդը:

Հայկական բժշկությունը շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Ժամանակին հայ դեղագետների պատրաստած միջոցներից օգտվել են անվանի բժշկագետներ Գալենը, Դիոսկորիդեսը, Ալ-Բիրունին և Աբու ալի Իբն Սինան: Վերջինս իր գրություններում նշում է հայկական ոչխարի դմակի բրդի վրա կուտակվող ճարպի մասին, որը կարող է մաշեցնել կոշտ ուռուցքներն ու ուղղել ծռված ոսկորները: Իսկ Քսենոֆոնն իր «Անաբասիս» աշխատությունում անդրադառնում է հայկական բուրումնավետ գինիներին ու գարեջրին, քունջութի ու նուշի ձեթերին, բևեկնու խեժին և անուշահոտ օծանելիքներին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի է եղել միայն հայերին:

Հոգեբույժ և հավաքորդ Հարություն Մինասյանի մոտ 30 000 ցուցանմուշները բացահայտում են հայ բժշկության զարգացման փուլերը՝ նախնադարից մինչև 20-րդ դար: Վերնիսաժի և հնոտիքի շուկայի մշտական այցելուն առիթը բաց չի թողնում իր հավաքածուն նորություններով համալրելու: 1999-ից Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի խմբային պսիխոթերապիայի կաբինետում գործող թանգարանը վերջերս նոր, ավելի ընդարձակ սրահ է տեղափոխվել, ինչին օգնել է սփյուռքահայ մի բարերար:

 

Նախատիպային գործիքները մեր օրերում

Հազարամյակների վաղեմությամբ մարդկային և կենդանական ոսկորներ, պղնձե, բրոնզե և երկաթե ամաններ, հին վիրաբուժական գործիքներ, գյուղատնտեսական զանազան իրեր՝ երկանք, գուռ, խնոցի, կշեռքներ, այլ  գտածոներ… Հարություն Մինասյանը ձեռքն է առնում Արտաշատի շրջանի Ջրահովիտ գյուղի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերված մարդու գանգը, որի ճակատային հատվածում անցք կա: Վարկածները մի քանիսն են՝ սիբիրախտ, սիֆիլիս, ոսկորի քաղցկեղ կամ տուբերկուլոզ: Անկյունային գրապահարանում, ըստ մասնագիտությունների, շարված են աշխարհի տարբեր անկյուններից բերված հին բժշկական գրքեր:

Ժանգոտած միաթև մկրատը ծիծաղելի է թվում: Բժիշկը նկատում է՝ 5000 տարի առաջ հայտնագործված այս գործիքն այսօր մեծ կիրառում ունի գյուղերում. դրանով են ոչխարի բուրդ խուզում. «Հնում մահացած վարսավիրի կամ բժշկի հետ թաղում էին նաև մկրատը: Երբեմն այս գործիքը փորագրում էին տապանաքարերի վրա, ինչից կարելի էր կռահել մահացածի մասնագիտությունը»:

Պահարանի գլխավերևում հեքիմ ամուսինների լուսանկարներ են, որոնք  19-րդ դարի սկզբին դեղաբույսերի մասին գիրք են հեղինակել: Փորձառու հոգեբույժի համար անընդունելի են մերօրյա հեքիմների՝ «պապերից որպես ժառանգություն հասած» ավանդական բժշկական մեթոդները: Դրանցից որոշները, օրինակ՝ «եզան լեզու» խոտաբույսը, իր օգտակարությունը չի կորցրել նաև մեր օրերում, իսկ ահա հոգեկան հիվանդին թմրեցնելու նպատակով օղի խմեցնելը կարող է ճակատագրական լինել:

Հավաքորդի խոսքով՝ հասարակությունն այսօր գիտելիքի պակաս ունի. զոհ գնալով սնահավատությանը և թակելով «սրբերի» դռները՝ հիվանդը մասնագետի դիմում է միայն հիվանդության բարդացած շրջանում, շատ հաճախ՝ ինքնասպանության բազմակի փորձերից հետո:

Ի դեպ՝ հավատալիքներ ունեցել են բոլոր ժողովուրդները: Հնում կարծիք կար, որ ֆիզիկական հիվանդությունը պատիժ է կրոնական տաբուները խախտելու դիմաց, և հնարավոր էր վարակվել հիվանդի հետ շփվելիս: Ըստ հին հայկական հավատալիքի՝ անդամալույծը կարող է բուժվել, եթե եկեղեցում դնի իր անունը կրող երկաթե արձանիկ: Հարություն Մինասյանը, մատնացույց անելով դևի և սատանայի կերպարներով քանդակները, հավելում է, որ տգիտության պատճառով մարդիկ «դիվային» զորություն էին վերագրում նույնիսկ մանրէներին:

 

Առաջին շտապօգնության մեքենան՝ ֆայտոնը

Փոքրիկ միջանցքը տանում է դեպի «միջնադար»: Կախիչներին ամրացված լայնակար տրեխներն ու մերօրյա կոկիկ բժշկական խալաթները հակասում են միմյանց: Մի պահ մտովի տեղափոխվում ենք Եվրոպա, որտեղ ժանտախտի ժամանակ մոդայիկ էին թռչունի կտուց հիշեցնող դիմակով բժշկական կաշվե արտահագուստները: Ենթադրվում էր, որ կտցավոր դիմակը, որի ներսում բուժական խոտաբույսեր էին տեղադրված, վանում էր հիվանդությունը:

Բժիշկն ընթերցում է փայտե սառցարանի վրա տեղադրված սրվակների պարունակությունը՝ նռան կեղև, մեղրամոմ, կապույտ կավ, կտավատի ձեթ… Նախաէլեկտրական շրջանի սառցարանը պատկանել է գերմանացի բժշկուհու, որն ամուսնացել էր հայի հետ և կահույքը որպես օժիտ բերել Թբիլիսիից: Տարիներ անց նրա ժառանգները հայրական տունը քանդելիս սառցարանը նվիրաբերել են թանգարանին:

Սենյակի մի անկյունում վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանի «քարացած» առօրյան է՝ աշխատասեղան, գրառումների տետրակ, դեղաբույսեր ծեծելու համար նախատեսված հավանգներ ու սրվակներ: Ազգագրության բաժնում փլավքամիչներ են, սրճաղացներ, կավանոթներ, կնակերպ աղամաններ, լամպեր, ճախարակ, օրորոց և այլ իրեր: Կանգ ենք առնում 1930-ականներին Երևանում գործող առաջին սուր վարակիչ հիվանդանոցի լուսանկարի առջև, որը հետագայում հոգեբուժական հիվանդանոցի վերածվեց: Շտապօգնության առաջին «մեքենան»՝ ֆայտոնը, կայանել է մուտքի դիմաց:

Հոգեբույժի արխիվային լուսանկարների թիվը մոտ 500 է: Տարածքի սղության պատճառով դրանք արկղերից դուրս չեն բերվում:

 

Առողջության աստվածուհի Հիգիեան

Երրորդ սենյակի մուտքը հսկում են բժշկության աստված Ասկլեպիոսն ու նրա դուստրը՝ առողջության աստվածուհի Հիգիեան: Երկուսի շուրջը պտտվում է կյանքի կենսական ուժի խորհրդանիշ օձը:

Պատերը զարդարող գեղանկարներից մեկում ճանաչում եմ խորհրդային վիրաբույժ Հարություն Միրզա-Ավագյանին, որը Հայաստանում առաջինն է սրտի վիրահատություն կատարել՝ տուժածի մարմնից դուրս բերելով հրացանի գնդակը: Հետագայում նա ստալինյան ռեժիմի զոհ դարձավ:

Հարություն Մինասյանը խնամքով բացում է հայ բժիշկ գրողներին նվիրված պահարանը, որտեղ զետեղված են շուրջ 160 հեղինակների հրապարակումներ՝ սիրային, սոցիալական և այլ թեմաներով: «Ամենաթանկ նվերն ինձ համար առաջին տպագիր բժշկական գիրքն է՝ հրատարակված 1793-ին Նոր Նախիջևանում: Պետրոս Քալանթարյանն այս աշխատության մեջ խոսել է գլխուղեղի, զգայարանների, լյարդի, աղեստամոքսային տրակտի և այլ հիվանդությունների՝ դեղաբույսերով բուժման միջոցների մասին: Նա մեծ տեղ է հատկացրել մանկաբուժությանը, հատկապես՝ երեխաների լուսնոտության և էպիլեպսիայի խնդիրներին»,- նշում է հպարտությամբ:

Սրահի վերջնամասում՝ հատակին, երկու պատմական սնդուկներ են: Դրանցից մեկում 1870-ին Հայաստան է բերվել մալարիայի բուժման դեղամիջոցը՝ խինինը, իսկ մյուսը պատկանել է Ամերիկյան կոմիտեին, որը 1920-ականներին բուժօգնություն էր ցուցաբերում հայ գաղթականներին:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Թանգարանի պատերից դուրս աղմկոտ Երևանն է, որտեղ լսելի չեն հավաքորդի աֆրիկյան ջեմբեի (թմբուկ) զարկերը և տիեզերքի վերակերպման մարմնացում համարվող Շիվայի պարը: Իսկ ավազի ժամացույցները, լատունե սպիրտայրոցները, ինքնաեռներն ու արդուկները, Մինինի կապույտ լամպերը, հին աքցաններն ու շաքարկոտրիչները, հանքային ջրերի բաժակները դեռ այնքան պատմելու բան ունեն…