Գլխավոր Նորություններ Անկախության սերունդ

Անկախության սերունդ

737
Տարածել

Մի պատմություն կա: Ազատագրական մարտերից մեկի ժամանակ Մոնթե Մելքոնյանը նկատում է, որ մարտադաշտում մի նապաստակ է ցատկոտում՝ վայելելով իր բաժին առավոտը: Հրամանատարը հրամայում է չկրակել: Ասում է, որ Աստծո այդ արարածը կռվի հետ կապ չունի: Մարտը հետաձգում է 15 րոպեով՝ սպասելով՝ մինչև երկարականջը դուրս կգա վտանգավոր տարածքից, և նոր միայն իր ջոկատով սկսում է ազատամարտը: Սա է հայ զինվորն ու հրամանատարը: Այդ կերպարն է ուղեկցել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսապատում կերտած մեր տղաներին:

Հազարամյակներ շարունակ այս ոգին է գեներով, մեր արյան միջով փոխանցվել մեզ ու հասել 2016-ի ապրիլ՝ թշնամուն դեմ առ դեմ սահմանին կանգնած հայ զինվորին ու հրամանատարին և այսօր դիրք պահող 18-20 տարեկան մեր տղային, անկախության զինվորին: Այդ ոգին ու արյունն է մեր զորականներից փոխանցվել, եկել ու հասել և հորձանք է տվել մեր որդիների մեջ: Սարդարապատի ուժն ու ոգին է, չպարտվող և մեռնել չցանկացող ազգի կորովն է ու հարատևությունը: Այդ գենն է հղկվել, բյուրեղացել և ձևավորել անկախության սերունդ, որ հպարտ է, արժանապատիվ, ինքնիշխան, իր հողի ու սահմանի տերն է և երբեք չի զիջելու իր ազատությունը:

Ես չգիտեմ, թե այլ բանակներում ինչ ոգով է առաջնորդվում զինվորը, բայց մերը ազատության մարտիկ է, իր հայրենիքի տերը, իր իրավունքն ու այրական կեցվածքը հարգող անհատ: Նա չի սպանում, պատասխանում է, թշնամուն տեղը դնում՝ ինքը մնալով իր դիրքում և բարձրության վրա: Վկան՝ մեր պատմությունը, անցյալն ու ներկան. հայ զինվորը պաշտպանել է կին ու երեխա, ծերունի՝ թեկուզ թշնամի, և երբեք չի կրակել խաղաղ բնակչի վրա: Այդ զինվորն էր, որ պետք է ապրիլյան պատերազմում հաղթեր, թեկուզ քիչ թվաքանակով ու պակաս զենք-զինամթերքով:

Այսպիսին է հայ զինվորը, որ իր հողն ու մերձավորին է պաշտպանում և չի ասում՝ ես կռվել եմ, հերոս եմ, պարզապես ասում է՝ ես իմ պարտքն եմ կատարել իմ հայրենիքի հանդեպ: Այդ զինվորն էր, որ Վահագնի տեսքով՝ կրակների մեջ իր սահմանը պահեց անցյալ ապրիլին: Հազարամյա գենի դրսևորումն էր ապրիլյան հերոսամարտը, անկախության զինվորը, որ չընկրկեց:

Ապրիլյան պատերազմի մասնակից Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները՝ անկախության սերնդի զինվորները, այսօր արդեն յուրացնում են փրկարարական գործը՝ Հայրենիքը նաև խաղաղ պայմաններում պաշտպանելու մեծ պատրաստակամությամբ: