Գլխավոր Սպիտակ-30 Ճակատագրական հանդիպում՝ 28 տարի անց

Ճակատագրական հանդիպում՝ 28 տարի անց

264
Տարածել

Օրերս Հայաստանում էր ազգությամբ օսեթ, պլաստիկ և միկրովիրաբույժ Կազբեկ Կուդզաևը, որը Սպիտակի երկրաշարժից հետո Իլիզարովի անվան վերականգնողական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի մի խումբ բժիշկների հետ օգնության ձեռք էր մեկնել աղետից տուժածներին։ 28 տարի անց բժիշկն սկսել էր որոնել իր հիվանդներից մեկին՝ 4-ամյա գանգուր մազերով անանուն մի աղջկա, որի ձախ ոտքն անդամահատել էին իրենց ժամանումից առաջ։ Փոքրիկի աջ ոտքը հաջողվել էր պահպանել։  Բաժանումը ծանր էր եղել։ Աղջնակը ստիպել էր մորը զարդարել իր հիվանդասենյակը, իսկ գլխին թագ դրել, որպեսզի բժիշկը մտափոխվի ու չհեռանա։ «Երբ մտնում էի պալատ, այնպես էր վիզս ընկնում, որ մայրն ու քույրերը պոկել չէին կարողանում։ Վախենում էր, որ կգնամ»,- վերհիշում է Կուդզաևը։

Գրեթե երեք տասնամյակ հետո բժիշկը Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վերագտավ արդեն հասուն կին դարձած փոքրիկ թագուհուն, որն այսօր երգարվեստում հաջողակ կարիերա ունի։ Իրենց երկրորդ կյանք տված բժշկին հանդիպելու և շնորհակալություն հայտնելու էին եկել նաև մյուս հիվանդները։

Աիդա Սահակյանին երկրաշարժից հետո դուրս էին բերել ծանր փլատակներից, երբ վերջինս օգնություն էր կանչում։ Կինն այդ ժամանակ հղիության չորրորդ ամսում էր։ Ամուսինը նրան գրկած տեղափոխել էր տուն, ապա ավտոբուսով ուղևորվել Աշտարակի բուժկենտրոն։ Կոնքի շրջանում բազմաթիվ կոտրվածքներ ստացած Աիդայի ճակատագրական վիրահատությունն արվել էր Երևանում։  «Վախ կար, որ չեմ քայլի, երեխա չեմ ունենա։ Այսօր կարողանում եմ առանց կաղալու տեղաշարժվել, նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվել»,- նշում է կինը։

Կեսարյան հատումով երկու առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել, երեք թոռ ունի։  Նախկին կոտրվածքներն այլևս «ցավոտ» չեն, շաքարային դիաբետն ու ճնշման տատանումներն են անհանգստացնում։ Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի խոսքով՝ այն ժամանակ  նման վնասվածքներով հիվանդներին անշարժացնում էին, արդյունքում նրանք մահանում էին թոքաբորբից և այլ բարդություններից։ Իսկ արտերկրից ժամանած բժիշկների կիրառած Իլիզարովի մեթոդի շնորհիվ կինը շուտով ոտքի կանգնեց։

Ստաս Նազարյանը 10 տարեկան էր, երբ կորցրեց մի վերջույթը։ Երկրորդն անդամահատելու վտանգ կար, սակայն բժիշկ Կուդզաևը փրկեց տղայի առողջությունը։ Այսօր 38-ամյա երիտասարդը երեք զավակ ունի։ 1993-ից զբաղվում է լեռնադահուկային սպորտով, չորս անգամ մասնակցել է պարաօլիմպիկ խաղերին առագաստանավային սպորտ մարզաձևում, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հմտանում է անվասայլակով վազքի ուղղությամբ։ 1997-ին կամավոր զինվորագրվել է Հայոց բանակ․«Բժիշկը մեծ ներդրում ունեցավ իմ կյանքում։ Ամեն օր գալիս էր ինձ տեսակցության, պարտադիր նվերներ բերում։ Եթե նա չլիներ, ես միգուցե սպորտում ինձ չգտնեի»։

Միկրովիրաբույժ Կազբեկ Կուդզաևը հպարտանում է՝ միայն այսպիսի արդյունքի հասնելու համար արժեր բժշկական համալսարան ավարտել։ Սովորաբար որքան շուտ է ապաքինվում հիվանդը, այնքան հեշտ է մոռանում բժշկին։ Սակայն Սպիտակի երկրաշարժը եզակի դեպք էր․ այստեղ բոլորը հիշում են իրեն։

Փորձառու մասնագետի ձեռքով բազմաթիվ վիրահատություններ են կատարվել, սակայն, ինչպես ինքն է ասում, ատելությամբ հասցված վերքերը դժվար են լավանում, դրանցում «սև էներգիա» կա։ Այդպիսին էր Բեսլանի դպրոցում իրագործված ահաբեկչությունը, երբ կրակն ուղղվել էր փախչող երեխաների թիկունքին։ Բոլոր դեպքերում վիրահատության տեխնիկան նույնն է, հոգեկան ապրումներն են տարբեր։

Վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը պատմում է՝ ինչպես իրենց 18-հոգանոց խումբը երկրաշարժի օրերին հասավ Հայաստան։ Այդ ժամանակ Գավրիլ Իլիզարովը Միացյալ Նահանգներում էր, որոշում ընդունող չկար։ Ինստիտուտի ավագ բուժքույրը թույլ տվեց վերցնել ամեն հնարավոր բան՝ դեղամիջոցներ, սարքավորումներ․ «Ես տղերքին ասացի՝ միայն երկու-երեք տոմս կարող եմ գնել։ Ընկերս՝ Արթուր Խաչատրյանը, իր կուտակած գումարով վճարեց ամբողջ անձնակազմի թռիչքի ծախսերը։ Երբ Կուրգանից հասանք Մոսկվա, մեզ համար խավիարով սեղան գցել տվեց ու ասաց՝ չգիտեք՝ ուր եք գնում և հաջորդ անգամ երբ եք հաց ուտելու»։

Տեղում 3 խմբի էին բաժանվել։ Ինքն ու Կազբեկ Կուդզաևը տեղափոխվել էին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Այդ ժամանակ Երևանի հիվանդանոցներում ոսկրաբանության բաժին չկար, իսկ կենտրոնն արհեստական երիկամ էր տրամադրում ամենածանր հիվանդներին։ Նույն օրը 850 տուժած դիմեց  հիվանդանոց, այնինչ ընդամենը 350 մահճակալ կար։ Ստեղծված «բացառիկ պայմանների» շնորհիվ հաջողվեց խուսափել մի շարք անտեղի անդամահատումներից։ «Հիվանդները միայն ցավից չէին գոռում։ Սովետական սառնարանների ձայնից նրանց թվում էր, թե կրկին երկրաշարժ է։ Բոլորը  սարսափելի հոգեկան ապրումների մեջ էին։ Ես ու Կազբեկը երբեմն խելքից դուրս բաներ էինք անում, որպեսզի մարդիկ դուրս գան այդ իրավիճակից։ Կուզեինք նստել, բոլորի հետ լաց լինել, սակայն իրավունք չունեինք»,- ասում է բժիշկը։

Ինստիտուտի բոլոր աշխատակցուհիները սիրահարվել էին օսեթ վիրաբույժին՝ հույս ունենալով, որ նա կմնա։ Թեպետ Կուդզաևը գնաց, սակայն հայ ազգն ի դեմս նրա ձեռք բերեց հավատարիմ բարեկամի։

 

Անի Անտոնյան