Գլխավոր Միջոցառումներ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

566
Տարածել

Պաշտպանական վարքագծի ձևավորում՝ խաղերի միջոցով

2012-ից «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագիրը: Նպատակն է նպաստել նախադպրոցական և դպրոցական կրթության բարելավմանը: Արդեն իսկ ներդրվել է 98 մլն  դրամ։

Ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը հանձնված մանկապարտեզների մեծ մասը փակվել է։ Մի շարք համայնքներ 20 տարուց ավելի նախադպրոցական կրթության հնարավորություն չունեն։ Օրինակ, Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքում բնակվող ծնողներն իրենց երեխաներին տանում են Վահանի մանկապարտեզ, որը հեռու է։

«Այն համայնքներում, որտեղ չկա նախադպրոցական ուսումնական որևէ հաստատություն, կառուցում ենք դպրոցահեն նախակրթարաններ 4-6 տարեկան երեխաների համար։ Կազմակերպության կողմից հիմնանորոգվում է 60 քմ մակերեսով  մեկ սենյակ և դրան կից սանհանգույցը՝ հարմարեցվելով երեխաների պահանջներին, անցկացվում է աշխատակազմի վերապատրաստում։ Այնուհետև նախակրթարանը հանձնվում է դպրոցին»,- մանրամասնում է պատասխանատուն։

Նախակրթարան հիմնելու համար պարտադիր պայման է 4-6 տարեկան առնվազն 20-25 երեխայի առկայությունը, բացի դրանից՝ համայնքը պարտավորվում է ապահովել վերանորոգման աշխատանքների 15 տոկոսի ֆինանսավորումը։ Ծրագրի առաջին փուլում Արմավիրի և Արագածոտնի մարզերում նորոգվել են որոշ դպրոցների մարզադահլիճներն ու հանդերձարանները, համալրվել է սպորտային գույքը։ Երկրորդ փուլով նախակրթարաններ են կառուցվել Լոռու մարզի Արջուտ և Գեղասար, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Այգուտ, Դպրաբակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Վարսեր, Վաղաշեն և Գեղարքունիք համայնքներում. «Նախագծային փուլում որոշ հանգամանքներ են հաշվի առնվել։ Օրինակ՝ սողանքային գոտում գտնվող Այգուտի դպրոցի դեպքում նախակրթարանը կառուցել ենք  տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքում, որն, ի տարբերություն զառիվեր լանջին կառուցված մյուս մասնաշենքի, պաշտպանված է միջանցիկ քամիներից և ավելի բարվոք վիճակում է։ Մեր բոլոր սենյակները տեղակայված են առաջին հարկում և ունեն առանձին ելք, որպեսզի մանկահասակ երեխաները կարողանան աղետի ժամանակ հեշտությամբ տարհանվել»։

Ծրագրի մյուս առանցքային խնդիրը երեխաների անվտանգությունն ու աղետների ռիսկի նվազեցումն է։ Այս նպատակով տարիներ շարունակ սերտ համագործակցություն է հաստատվել փրկարարական կառույցների հետ։ Օրերս՝ դեկտեմբերի 13-15-ը, Գեղարքունիքի մարզի Վարսեր, Վաղաշեն և Գեղարքունիք համայնքների դպրոցներում իրականացվել են երկրաշարժի ժամանակ տարհանման թեմայով վարժանքներ՝ մարզային փրկարարական վարչության հսկողությամբ։ Մարիա Պողոսյանը նկատում է՝ թեև երեխաները տեղյակ էին գործողությունների հաջորդականությանը, այդուհանդերձ, խուճապից խուսափել չեղավ. «Երկու փոքրիկներ վախեցել էին կատարվածից և լալիս էին։ Ծրագրի նախորդ փուլում մենք մշակել էինք խաղեր երկրաշարժի, հրդեհի և սողանքի ժամանակ ճիշտ վարվելակերպի վերաբերյալ։ Հույս ունենք՝ նման խաղերի միջոցով երեխաների մեջ կձևավորվի պաշտպանության հստակ վարքագիծ»։

Ինչ վերաբերում է ավագ դպրոցականներին, ծրագրի համակարգողը հավելում է՝ նախորդ փուլում Հայկական կարմիր խաչի հետ համագործակցությամբ վարժանքների ժամանակ տրամադրվել էին բժշկական պարագաներով առաջին բուժօգնության պայուսակներ, որոնցից, սակայն, դպրոցականներն օգտվել չէին կարողացել բավարար գիտելիքի բացակայության պատճառով։ «Վերջին վարժանքի ժամանակ տուժածին վիրակապելիս երեխան մոռացել էր շտապօգնություն զանգել։

Այլ բացթողումներ ևս եղել էին, օրինակ՝ արյունահոսության ժամանակ վիրակապ դնելու ժամը ֆիքսելը։ Նման հարցերում օգնում են փրկարարների խորհուրդները»,- ամփոփում է Մարիան։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ