Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

581
Տարածել

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև մեր երկրին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինություն և տեխնիկա տրամադրելու վերաբերյալ:

Սպառազինության ցանկը կարող է փոփոխվել ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ համաձայնությամբ: Վարկի մարումը կսկսվի 2023-ին, կավարտվի 2037-ին: Հայաստանը Ռուսաստանին կտրամադրի տարեկան 1,5-3,8 մլն դոլար:

Աղբյուր՝ «ԱրմենՊրես», gov.am