Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

664
Տարածել

 

Նորանկախ պատերազմող երկրի ԱԻ պետական վարչությունը համագործակցության ի՞նչ եզրեր ստեղծեց տեղական և միջազգային կառույցների հետ:

— Ինչպես ես արդեն նշեցի՝ մենք սուղ հնարավորությունների պայմաններում մի կողմից փորձում էինք քայլ առ քայլ, հետևողականորեն լուծել աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներից բնակչության, պետության ունեցվածքի պաշտպանության համակարգի ստեղծմանն ուղղված անհրաժեշտ կազմակերպական և օրենսդրական խնդիրները, մյուս կողմից՝ ներգրավված էինք երկրի համար հրատապ, կենսական անհրաժեշտության հարցերի լուծմանը: ԱԻ պետական վարչության բոլոր աշխատակիցները լծված էին անմիջական խնդրի լուծմանը՝ բնակչության պաշտպանությանը պարբերաբար տեղի ունեցող բնական և տեխնածին աղետներից կամ դրանց առաջացման հավանական սպառնալիքներից, ինչպես նաև պատերազմական պայմաններում սահմանամերձ շրջանների բնակչության պաշտպանության կազմակերպմանը: Բնական է, որ նշվածը հնարավոր էր իրականացնել միայն պետական կառավարման և տեղական մարմինների հետ սերտ համագործակցությամբ՝ ներգրավելով ինչպես համապատասխան հասարակական կազմակերպություններին, այնպես էլ քաղաքացիներին:

Նպատակահարմար է անդրադառնալ բնակչության համընդհանուր պաշտպանության նշված համակարգի հիմնաքարերից թեպետև մի քանիսին, ինչպես նաև հանրապետության համար կենսական անհրաժեշտություն ունեցող մի շարք հրատապ խնդիրների լուծման ընթացքում համագործակցության առավել վառ օրինակներին: Անհրաժեշտ է նշել, որ մեր բոլոր գործողությունները բնակչության պաշտպանության բնագավառում, բացի իրենց բուն նպատակից, ուղղված էին նաև շատ կարևոր մի հարցի լուծմանը՝ ժողովրդին հույս ներշնչելուն: Այդ գործողությունները բերում էին վստահության ամրապնդմանը մեր կառույցի հնարավորությունների հանդեպ և մեր երկրի հեղինակության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, նպաստում էր ինչպես հասարակության հնարավորինս լայն շերտերի ներգրավմանը, այնպես էլ համակարգի առավել արդյունավետ զարգացման և տեխնիկական վերազինման հնարավորությունների ընդլայնմանը:

Ինչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, ապա այն հույժ կարևոր էր կենսական անհրաժեշտության հրատապ հարցերի լուծման համար, ինչը մենք իրականացնում էինք հետևյալ հիմնական ուղղություններով.

Առաջինը՝ ինտեգրվել համապատասխան միջազգային կառույցների կազմին, երկրոդը՝ նախապատրաստել և կնքել երկկողմանի համագործակցության համաձայնագրեր, երրորդը՝ տեխնիկական օգնություն ստանալ և վերջապես, որքանով էլ դա զարմանալի թվա այդ պայմաններում, մարդասիրական օգնություն հատկացնել աղետներից տուժող երկրների ժողովուրդներին՝ ելնելով մարդասիրական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քաղաքական նկատառումներից: Միջազգային համագործակցությունն իրականացվում էր ոչ միայն մեր կառույցում ընդգրկված կազմակերպությունների ուժերով, այլ նաև հենվելով երկրում օրեցօր զարգացող և ամրապնդվող ներքին համագործակցության շնորհիվ ստեղծվող և ընդլայնվող հնարավորությունների վրա:

Անդրադառնանք տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցության առավել արդյունավետ օրինակների:

Առաջին միջազգային կառույցը, որին մենք անդամակցեցինք դեռ 1993-ին, Եվրոպայի Խորհրդի Եվրոպական և միջերկրածովյան խոշոր ռիսկերի բաց մասնակի համաձայնագիրն էր: Դա բավականին երկար գործընթաց էր, որն սկսվեց մեր կառույցի ստեղծման առաջին ամիսներից՝ ՀՀ վարչապետի կողմից Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի անունով հասցեագրված նամակով: ԱՊՀ անդամ երկրներից Հայաստանը, ի դեմս ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության, երկրորդն էր Ռուսաստանի Դաշնությունից հետո, իսկ պետական վարչությունն էլ, իր հերթին առաջին էր ՀՀ կառավարության կառուցվածքի մեջ մտնող նախարարություններից և գերատեսչություններից, որ անդամակցեցին Եվրոպայի Խորհրդի կառույցներից մեկին: Եվ միայն տարիներ անց ԱՊՀ համապատասխան երկրները դարձան ինչպես նշված կառույցի, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի լիակատար անդամ (Հայաստանի Հանրապետությունը՝ 2000 թ.):

Ի դեպ՝ Եվրոպայի Խորհրդի վերը նշված Համաձայնագրի կառավարման բարձրագույն մարմնի նիստերից մեկն էլ, Ռուսաստանի Դաշնությունից բացի, Համաձայնագրի անդամ ԱՊՀ այլ երկրներից գումարվել է մինչև այժմ միայն Հայաստանում:

ԱԻ պետական վարչությունը նաև առաջինն էր, որ երկկողմանի համագործակցության պայմանագիր կնքեց Ռուսաստանի Դաշնության համապատասխան նախարարության  արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Ընդ որում, մեզ հաջողվեց հիմնավորել ստորագրման արարողությունը բարձր կառավարական մակարդակով (ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրեց փոխվարչապետը) Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու նպատակահարմարությունը: Շնորհիվ տեղեկատվության միջոցներով լայն լուսաբանման (մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հեռուստաալիքներով), իրադարձությունը պատերզմական տարիներին դրական արձագանք ստացավ:

Մի պահ շեղվենք միջազգային համագործակցության խնդիրներից և անդրադառնանք վերը նշված աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության զուգահեռ ստեղծվող, անընդհատ զարգացող և կատարելագործվող համակարգի հիմնաքարերից թեպետև մի քանիսի տեղադրմանը:

Բնականաբար մի շարք հիմնադիր օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերից չենք կարող չնշել ՀՀ օրենքը «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» (04.12.1991 թ.), որով ՀՀ կառուցվածքի մեջ մտնում էր նոր ստեղծվող ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունը, իսկ ՀՀ կառավարության կազմի մեջ՝ պետական վարչության պետը: Այդուհանդերձ, համակարգի  ստեղծման ու զարգացման առավել նշանակալից հիմնաքարերից մեկը իրավամբ պետք է համարել Հայաստանի Հանրապետության նախագահի 06.06.1995 թ. Նհ-446 հրամանագիրը՝  «ՀՀ քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին»:

Հրամանագրով, կարևորելով ՀՀ քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդումը, որոշվում էր համակարգի ընդհանուր ղեկավարումը դնել ՀՀ կառավարության վրա: Սահմանվում էր, որ ՀՀ քաղաքացիական պաշտպանության պետն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետը, իսկ պետի տեղակալը` ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետը: Քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը և վերահսկողությունը դրվում էին ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում էին համապատասխան պետական մարմնի, տարածքի, օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն էին կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստության համար:

ՀՀ կառավարությանը հանձնարարվում էր եռամսյա ժամկետում հաստատել ՀՀ քաղաքացիական պաշտպանության մասին կանոնադրությունը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ՀՀ միասնական համակարգի մասին կանոնադրությունը:

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև շատ նշանակալից մի որոշման, որն իր ուրույն դերն ունեցավ աղետների ռիսկերի նվազեցման  և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի ստեղծման և հետագա զարգացման գործում:

Դա 1992 թ. հունվարի 31-ի՝ ՀՀ կառավարության «ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության նյութական բազայի և արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտի ստեղծման մասին»  N 74 որոշումն է: Որոշումը նշանակալից է ինչպես ընդունման ժամկետի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից:

ՀՀ կառավարության 1992 թ. հունվարի 31-ի որոշումը՝ ուղղված պետական վարչության համակարգի կայացմանը, երրորդն էր այդ ուղղությամբ պետական վարչության հիմնադրմանը վերաբերող վերը նշված 04.12 1992 թ. ՀՀ օրենքից և 15.12.1991 թ. ՀՀ նախագահի հրամանագրից հետո: Եվ այդ որոշմամբ ՀՀ կառավարությունը, կարևորելով աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և ճգնաժամային կառավարման բնագավառում ուսուցման կարևորագույն դերը, այդ բարդ պատերզմական տարիներին դրսևորեց իմաստություն և գտավ հնարավորություն՝ ստեղծելու ինստիտուտը՝ որպես համակարգի կարևորագույն և առաջնահերթ տարրերից մեկը:

Մոտակա տարիներին ընդունվեց ՀՀ կառավարության ևս մի քանի որոշում ուսուցման կազմակերպման մասին, իսկ մինչ այդ, համաձայն պահի պահանջներին, արդեն 1992-1993 թթ. ինստիտուտում  նախապատրաստվեցին և իրականացվեցին հանրապետության կառավարման մարմինների ղեկավար կազմի և մասնագետների ճգնաժամային (այդ թվում՝ պատերազմական պայմաններում) կառավարման հարցերով վերապատրաստման առաջին դասընթացները: Ինստիտուտը հետագայում վերանվանվեց Ճգնաժամային կառավարման ինստիտուտի, ապա ակադեմիայի՝ ավելի լայն հնարավորություններով, սակայն միշտ կհիշվի, որ ինստիտուտը 90-ական թվերին բնորոշ սուղ պայմաններում եղել է ստեղծվող և զարգացող համակարգի կարևոր հիմնաքարերից մեկը:

Արդեն 1994 թ. ներդրվեց ճառագայթային պաշտպանության դասընթացի ծավալուն ծրագիրը: Առաջին անգամ իրականացվեց բնակչության զանգվածային ուսուցում ճառագայթային պաշտպանության հարցերով: Եվ դա պատահական չէր. արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ՀՀ միասնական համակարգին առաջիկայում սպասում էր երկրի գոյատևման համար կենսական կարևորության հարցի լուծման գործում իր մասով ներդրումը:

Տրանսպորտային շրջափակման պայմաններում պատերազմող Հայաստանի Հանրապետության համար Էներգետիկ ճգնաժամի աքցաններից դուրս գալու՝ գոյատևման և հետագա զարգացման ապահովման ուղիներից մեկն էր Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերագործարկման կարևորագույն և բարդագույն խնդրի լուծումը:

Չանդրադառնալով բազմաթիվ քաղաքական խոչընդոտներին և լուծման ենթակա համաշխարհային պրակտիկայում նմանօրինակը չունեցող բարդագույն տեխնիկական խնդիրներին՝ նշենք միայն, որ ի սկզբանե ՀԱԷԿ-ի վերագործարկմանը տարբեր պատճառներով դեմ էին բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Ի վերջո, Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումն այդ հարցում և դրա հիմնավորմանն ուղղված մեծ նախապատրաստական աշխատանքը տվեցին իրենց արդյունքները: Սկսվեց վերագործարկման գործընթացը, որի ընթացքում պետք է լուծվեին բազմաթիվ կազմակերպչական, կադրային և տեխնիկական հարցեր: Գործընթացն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, այլ շահագրգիռ երկրների համապատասխան կառույցների, ինչպես նաև Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությամբ: Վերջինս իրականացնում էր նաև խստագույն հսկողություն ամբողջ գործընթացի նկատմամբ և առաջ էր քաշել պահանջներ, որոնց պետք է համապատասխանեին մեր գործողությունները:

Կարևոր պահանջներից մեկն էր երկրի բոլոր մակարդակների կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ամբողջ բնակչության պատրաստվածությունը համապատասխան գործողություններին՝ ՀԱԷԿ-ում հավանական անդրնախագծային վթարի դեպքում: Այդ խնդիրը դրված էր ամբողջ համակարգի վրա, մեր կառույցի համակարգմամբ: