Գլխավոր Նորություններ «ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԸ

«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԸ

814
Տարածել

Օգոստոսի 28-ին պայթյուն էր որոտացել արդեն տևական ժամանակ պարապուրդի մատնված գործարանում, որին հետևել էր հզոր հրդեհը: Այրվում էր մոտ 200 խմ ծավալով լաքիէթինոլ տեսակի քիմիական նյութով ամբարված բետոնե չորս տարողություն: Բոցը ծխի թանձր քուլաներով պատել էր երկինքը, տարածվում էր Երևանի թաղամասերի վրա ու ձգվում հեռուներ: Հրշեջներն արագ բացազատեցին  կրակը և տարբեր կողմերից հովացնող ջրաշիթն ուղղեցին այրվող պայթյունավտանգ տարաների վրա: Կրակի օջախներին մոտիկ կար նաև հինգերորդ մետաղե տարան՝ 120 խմ՝ նույն քիմիական նյութով: Հովացնող ջրաշիթն ուղղվեց նաև այդ այդտեղ՝ հինգերորդի բռնկումը կանխելու համար:

Քիմիական նյութերի հրդեհներն ունեն իրենց առանձնահատկություններն ու վտանգավոր ծուղակները, և հակահրդեհային պաշտպանության աննշան շեղումն անգամ կարող է հանգեցնել ամենատխուր հետևանքների: Մեր հրշեջ-փրկարարները գործեցին օպերատիվ, հստակ ու մասնագիտական մեծ պատրաստվածությամբ: Մի ամբողջ օր պայքարից հետո հրշեջներին հաջողվեց մարել կրակը: Հինգերորդը մնաց անվնաս:

Հրդեհի մասշատբները և ծխի մեծաքանակ արտանետումը մթնոլորտ անհանգստացրել էր էկոլոգներին: ԱԻՆ-ը փարատեց նրանց անհանգստությունը՝ պարզաբանելով, որ օդի բաղադրության մեջ  վտանգավոր նյութեր չկան, ու եթե լիներ, հրշեջները կգործեին  անհատական պաշտպանական հատուկ միջոցներով:

Էկոլոգները պնդեցին, որ լաքի բաղադրության մեջ մտնող ամենատարածված լուծիչը՝ քսիլոլը, թունավոր նյութ է՝ կանցերոգեն (քաղցկեղածին) հատկություններ ունի, և թե ԱԻՆ-ը պետք է զգուշացներ վտանգավոր ծխի մասին: Մուրը հաստատ վտանգավոր է, ծխից առաջացած շմոլ գազն՝ ավելի: Փաստենք՝ հրդեհից առաջացած ցանկացած բաղադրության ծուխ վնասակար է առողջությանն ու շրջակա միջավայրին: Ընդգծենք նաև՝ մասնագետների պնդմամբ, 50 գ ծխահարած երշիկը կարող է պարունակել նույնքան կանցերոգեններ, որքան մեկ տուփ ծխախոտի ծուխը: Մեքենաների արտանետումներն էլ վնասիչ են: Բնականաբար, մարդիկ դրսում տարածվող թանձր ծխից խուսափում են, տանը փակվում դուռ-լուսամուտների ետևում: Հրդեհի օրը այդ մասին զգուշացում արեց նաև ԱԻՆ-ը:

Լաքիէթինոլը սկսել են կուտակել 1996-ից՝ սպառման անհրաժեշտ ծավալներ չունենալու պատճառով: Ըստ մասնագետների՝ երկար տարիների պահպանության հետևանքով լաքիէթինոլում կարող են տեղի ունենալ պրոցեսներ, որոնք հանգեցնում են ինքնաբռնկման:

Դա կարող է տեղի է ունենալ նաև օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով: Դյուրավառ նյութը գործարանը պահել է սառեցված վիճակում՝ հրդեհից խուսափելու համար: Թե ինչպես է պահվում այն այսօր, կպարզեն ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները: Նրանք արդեն կատարել են դեպքի վայրի զննություն, բացատրություններ վերցրել ականատեսներից:

Քանի որ հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը  որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 և 248-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Հրդեհի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:

«Նաիրիտի» այս պայթյունն առաջինը չէ: Ամենահզոր պայթյունը 2006-ի սեպտեմբերի 23-ին էր, երբ քլորոպրենի արտադրամասի կոլեկտոր թափանցած խողովակաշարում տեղի ունեցած պայթյունից հետո 40 դիտահոր՝ իրենց բետոնապատ հենքերով ու չուգունե կափարիչներով, հզոր պայթյունի ալիքից երկինք թռան՝ ավերելով շինություններ, վնասելով ավտոմեքենաներ ու մայրուղային ջրատար, վիրավորվեցին մարդիկ:

Հզոր պայթյուն է գրանցվել նաև նույն տարվա դեկտեմբերի 24-ին: Պատճառը նորից լաքիէթինոլ նյութն էր: Այն ժամանակ այրվում էր այդ նյութով լեցուն երկու տարողություն՝ յուրաքանչյուրը 300 խմ: Վտանգն ավելի մեծ էր: Կողքի տարայում տոլոլ էր՝ բենզին: Հրշեջներն աշխատում էին հովացնել տարան, որպեսզի ջերմային ազդեցությունից դրան վտանգ չսպառնա: Եթե տոլոլի գոլորշիների և օդի հարաբերակցությունը հասներ պայթելու սահմանին, հետևանքներն անկանխատեսելի կլինեին: Այն տարիներին «Նաիրիտի» արտադրության գծով փոխտնօրեն Ռուբեն Սաղաթելյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հրդեհը կանխատեսել չէին կարող, բայց գործարանը մշակում էր տեխնոլոգիա՝ լաքիէթինոլը ոչնչացնելու համար: Նրա խոսքով՝ գործարանն այն ոչնչացնում էր այրման միջոցով և քանի որ առանձին ոչնչացնել հնարավոր չէր, ուստի այն խառնում էին այլ թափոնների հետ: Փոխտնօրենը նաև ասել էր, որ իրենք հեղուկ թափոնների ոչնչացման համար հատուկ տեխնոլոգիական արտադրամաս ունեն, քանի որ բացօդյա այրումը, նրա խոսքով՝ աննորմալ երևույթ է:

Անցել են տարիներ, և այդ ընթացքում կուտակված թափոնները կորցրել են տեղափոխման հատկությունները: Այդպես էլ «Նաիրիտի» լաբորատորիաներում չգտնվեցին թափոնները ոչնչացնելու ճիշտ ձևեր՝ լաքիէթինոլը տրանսպորտային տեղափոխման ենթակա դարձնելու համար, որպեսզի հնարավոր լինի հասցնել վնասազերծման արտադրամաս: Ոչնչացման ճիշտ ձևն այդպես էլ չգտնվեց:

Իսկ վերջին հրդեհից, թեև բացօդյա, հուսանք, որ ոչնչացավ լաքիէթինոլի զգալի քանակություն:

Գործարանի տարածքում լաքիէթինոլ դեռ կա 9 տարաներում: Հետևաբար, պայթյունով ուղեկցվող հրդեհի վտանգը դեռ պահպանվում է:

Ցանկանք, որ «Նաիրիտը» մեր քրոնիկոնում էլ չհայտնվի, իսկ եթե հանկարծ…

Ապա միայն գործարանում մնացած լաքիէթինոլի անվտանգ ոչնչացման մասին լուրով:

 

Գագիկ ԵՂՅԱՆ