Գլխավոր Նորություններ Լանդշաֆտաէկոլոգիական հետազոտություն

Լանդշաֆտաէկոլոգիական հետազոտություն

819
Տարածել

Ուղղություններն ու կիրառական լանդշաֆտագիտության հեռանկարային խնդիրները

Լեռնային անկայուն և համեմատաբար խոցելի երկրահամակարգերի պահպանման, արտադրական ներուժի արդյունավետ օգտագործման, բնօգտագործման ձևերի տարածքային պլանավորման և կառավարման խնդիրներն արդի հասարակության կարևոր հիմնահարցերից են ու պատահական չէ, որ վերջին տարիներին ակտիվացել ու շատացել են լեռնային տարածաշրջանների բնատեխնածին երկրահամակարգերի ուսումնասիրությունները: Հայաստանի նման լեռնային երկրներում երկրահամակարգերի համալիր աշխարհագրական հետազոտությունները պետք է հիմնվեն լանդշաֆտաէկոլոգիական փորձաքննության վրա: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ճշգրիտ համադրել բնապահպանությունն ու բնօգտագործումը:

Հանրապետությունում տարվող լանդշաֆտային հետազոտություններում  ուրվագծվում է չորս հիմնական ուղղություն. Հայաստանի բնատարածքի դինամիկայի աշխարհագրական կանխատեսում և քարտեզագրում, լեռնային բնատեխնածին երկրահամակարգերի տնտեսական անվտանգ (առանց ռիսկերի) օգտագործում և կառավարում, Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական առանձին շրջանների լեռնային երկրահամակարգերի անթրոպոգեն փոփոխությունների և դրանց գեոէկոլոգիական առանձնահատկությունների համալիր գնահատում, գլոբալ կլիմայափոխության արդի պայմաններում լեռնային երկրահամակարգերի դեգրադացիայի և անապատացման հիմնախնդիրներ, լեռնային բնաանթրոպոգեն երկրահամակարգերի տարածքային կազմակերպում և լանդշաֆտային պլանավորում:

Այս հետազոտություններն այսօր միտված են ռացիոնալ բնօգտագործմանն ու բնապահպանությանն առնչվող հետևյալ գիտագործնական հիմնախնդիրների լուծմանը. լեռնային բնատեխնածին գեոհամակարգերի դինամիկայի կանխատեսում, բնօգտագործման բնական և մարդածին ռիսկերի գնահատում-կառավարում, կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բնական գեոհամակարգերի անապատացում ու լանդշաֆտների դեգրադացիա, լեռնային գեոհամակարգերի լանդշաֆտառեկրեացիոն ներուժի գնահատում, հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման նպատակով դրանց ռացիոնալ օգտագործում, բնօգտագործման էկոլոգիապես հիմնավորված ձևերի կազմակերպում և լանդշաֆտային պլանավորում և այլն:

Հայաստանի լեռնային երկրահամակարգերի լանդշաֆտային կիրառական հետազոտությունները պետք է լուծեն հետևյալ խնդիրները.

  1. լեռնային երկրահամակարգերի ֆունկցիոնալ գործունեության ու զարգացման օրենքների և օրինաչափությունների բացահայտում,
  2. լեռնային լանդշաֆտների ֆունկցիոնալ գործունեության մոդելացման ուղղությամբ հետազոտությունների ծավալում,
  3. լեռնային լանդշաֆտների կենսաբանական արդյունավետության և բնակչության տնտեսական գործունեության փոխազդեցության ռացիոնալ սկզբունքների մշակում,
  4. բնության պահպանության գիտականորեն հիմնավորված ձևերի կազմակերպում,
  5. տեխնածին և խիստ խախտված լանդշաֆտների վերակուլտիվացում,
  6. սոցիալ-տնտեսական, ռազմական, էկոլոգիական և այլ ազգային ու տարածաշրջանային ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում լեռնային լանդշաֆտների բնաարտադրական յուրահատկությունների հաշվառում,
  7. լանդշաֆտների վրա մարդածին ներգործության տարբեր ձևերի գնահատման մեթոդաբանության մշակում,
  8. լանդշաֆտագիտական կրթությանն ուղղված ուսումնական պլանների մշակում,
  9. ազգային լանդշաֆտային քաղաքականության կառավարումն իրականացնելու գիտամեթոդական ուղեցույցների մշակում,
  10. լանդշաֆտային պլանավորման և կառավարման տեսության և մեթոդաբանության զարգացում:

Սրանք են այն կառուցողական հիմնախնդիրները, որոնք մոտ ապագայում պետք է կանխորոշեն ՀՀ լեռնային երկրահամակարգերի լանդշաֆտային հետազոտությունների ուղղություններն ու միտումները:

 

Հրապարակումը պատրաստվել է Ներսես Սամվելյանի «Լեռնային երկրահամակարգերի լանդշաֆտային հետազոտությունների ուղղություններն ու կիրառական լանդշաֆտագիտության հեռանկարային խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ  ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: