Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

1164
Տարածել

Երկրաշարժի հետևանքների վրա ազդեցություն թողնող անկառավարելի գործոններ

Վտանգավոր երևույթների կանխատեսումը, կանխարգելումը և դրանց հետևանքների վերացումը պետության անվտանգության ապահովման հարթությունում կարևոր սոցիալ-տնտեսական խնդիր է, իսկ երկրաշարժն առավել ծանր հետևանքների բերող վտանգավոր երևույթ է՝ բնական աղետ: Հայաստանի Հանրապետության տարածքը ենթակա է երկրաշարժի վտանգի: Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը գտնվում է սեյսմաակտիվ (երկրաշարժաակտիվ) գոտում: Երկրաշարժերը կարող են առաջացնել նաև տեխնոգեն վթարներ և նրանցից ածանցվող բնապահպանական աղետներ՝ հանգեցնելով մարդու բնակության միջավայրի որակական փոփոխությունների: Հետևաբար, Հայաստանում բնակչության պաշտպանության կայունության բարձրացման հիմնախնդրում էական նշանակություն ունի սեյսմիկ վտանգի կանխատեսումը, սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը:

Վերջին տասնամյակներում Կովկասում և Հայկական լեռնաշխարհում նկատվում է երկրակեղևի սեյսմիկ ակտիվացում, որն ուղեկցվում է ավերիչ երկրաշարժերով: Թուրքիա՝ 1983, 1992, 1997, 1999, 2011 թվականների երկրաշարժեր, Իրան՝ 1990, 1992, 1997, 1998, 1999 թթ., Վրաստանի՝ 1992 թ. և այլն: Կանխատեսումները վկայում են, որ վերոհիշյալ տարածքներում ցանկացած պահի հնարավոր է ավերիչ երկրաշարժ:

Համաձայն լիազոր մարմնի տվյալների՝ մեր երկրում երկրաշարժերի առավել հավանական օջախներ-էպիկենտրոններ են համարվում՝

ա. Գառնի, երկրաշարժի առավելագույն ուժգնությունը՝ 10-11 բալ,

բ. Զանգեզուր, երկրաշարժի առավելագույն ուժգնությունը՝ 8-9 բալ,

գ. Սպիտակ՝ երկրաշարժի առավելագույն ուժգնությունը՝ 9-10 բալ,

դ. Փարաքար՝ երկրաշարժի առավելագույն ուժգնությունը՝ 7 բալ: Սրանցից բացի, երկրաշարժի հայտնի օջախներ են նաև Նոյեմբերյանը, Արարատը, Դվինը, Մարտունին, Վայոց ձորը:

Համադրելով հանրապետությունում երկրաշարժերի հավանական օջախների տեղաբաշխվածությունը, շինությունների սեյսմակայունությունը, վտանգավոր օբյեկտների և բնակավայրերի բախշվածությունը, բնակչության խտությունը, բազմահարկ շենքերի առկայությունը, բնակչության պաշտպանվածության մակարդակը՝ սեյսմիկ ռիսկի տեսակետից իրավիճակը խնդրահարույց է:

Երկրաշարժի հետևանքների վրա էական ազդեցություն թողնող գործոնների ճիշտ կառավարումը էապես նվազեցնում է երկրաշարժի հետևանքները: 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ աղետին զոհ գնաց 3 բնակչից 1-ը, 1995-ի Ճապոնիայի Կոբե քաղաքում նույն ուժգնության երկրաշարժից զոհվեց 300 բնակչից 1-ը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումը պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ են (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)՝ ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը: Սեյսմիկ ռիսկը նվազեցնելու առաջնահերթ պայման է երկրաշարժի հետևանքների վրա էական ազդեցություն թողնող գործոնների կայունության բարձրացումը՝ դիմակայունության բարձրացման նպատակով: Երկրաշարժի հետևանքների վրա էական ազդեցություն կարող են թողնել մի շարք գործոններ՝ կառավարելի և անկառավարելի: Անկառավարելի գործոններն են. տարվա եղանակը, օրվա ժամը, երկրաշարժի հավանական օջախների տեղաբաշխվածությունը, բնահողի առանձնահատկությունները, մակերևույթապատկերը և այլն: Կառավարելի գործոններ. բնակավայրերի բախշվածությունը, բնակչության խտությունը, բազմահարկ շենքերի, վտանգավոր օբյեկտների առկայությունը, շինությունների սեյսմակայունությունը, բնակչության պաշտպանվածության մակարդակը սեյսմիկ գոտում և այլն:

Անկառավարելի գործոններն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի. բացարձակ անկառավարելի և հարաբերական անկառավարելի: Բացարձակ անկառավարելի գործոնները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրում՝ տարվա եղանակը, օրվա ժամը: Հարաբերական անկառավարելի գործոններից ածանցվում են այնպիսի ենթագործոններ, որոնք կառավարելի են և կարող են էապես նվազեցնել երկրաշարժի վտանգը. երկրաշարժի հավանական օջախների տեղաբաշխվածությունը, բնահողի առանձնահատկությունները, մակերևույթապատկերը: Օրինակ, Գառնիի օջախում հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը մշակելիս, կարելի է քննարկել Գառնիի երկրաշարժի հնարավոր ազդեցությունը Փարաքարի օջախի վրա:

Ամփոփելով՝ նկատենք, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրում կարևոր է ամեն ինչ, նաև՝ երկրաշարժի հետևանքով առաջացած երկրորդային գործոնների ազդեցության նվազեցումը, ինչին հասնելու հիմնական ձևերից են ինչպես վտանգավոր օբյեկտների արդյունավետ տեղաբաշխումը սեյսմավտանգ տարածքներում, այնպես էլ վտանգավոր օբյեկտների սեյսմակայունության բարձրացումը:

 

Հրապարակումը պատրաստվել է Սարգիս Մանուկյանի և Գագիկ Ճաղարյանի «Երկրաշարժի հետևանքների վրա էական ազդեցություն թողնող անկառավարելի գործոններ» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: