Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 450 ահազանգի են արձագանքել, որից ավելի քան
150-ը՝ հունիսի վեցին՝ երեկոյան ուժեղ քամուց հետո (քամու հետևանքների մասին՝ էջ 6): Շատ անգամ փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:
Գրանցվել է մոտ 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների և Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 3 մեքենա է հանվել երթևեկելի մաս: 23 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:
Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մամիկոնյանց փողոցում և «Մերգելյան» ինստիտուտի մատույցներում ագռավի ձագեր են ընկել բներից: Երկու դեպքում էլ հրշեջ-փրկարարները թռչուններին տեղափոխել են բույն: Սյունեցի փրկարարները Կապան քաղաքում Վաչագան գետից հանել են վիրավոր բազե և հանձնել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գանձաքար գյուղի «Կապեր» կոչվող հատվածում քաղաքացին սահել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր խորությամբ ձորից անվնաս դուրս են բերել 49-ամյա մի կնոջ, որը հայտարարել է, թե չի սահել, փորձում էր ինքնասպան լինել: