Գլխավոր Նորություններ ՆՌԱՆ «ԹԱԳԸ»

ՆՌԱՆ «ԹԱԳԸ»

1059
Տարածել

Նկարում Կիլիկիայի հայկական թագավորության արքա Լևոն Երրորդն է և Տիրուհի Աննան՝ Կեռան թագուհին՝ երեք որդիների և երկու դստրերի հետ: 13-րդ դարի այս մանրանկարում թագավորական ընտանիքը երկնային օրհնություն է ստանում՝ յոթ նռների տեսքով: Թորոս Ռոսլինի այս գործը «Կեռան թագուհու ավետարան» մատյանից է: Հայոց թագուհիների մեջ ամենաբազմազավակը Հեթիունի և Զաբելի հարսը՝ Աննան էր՝ Կեռան թագուհին: 15 զավակ է պարգևել Լևոն արքային՝ ութ որդի և յոթ դուստր: Ավագ որդին՝ Հեթումը, մորն անվանել է «Հոգով ամենագովելին և մարմնով ամենագեղեցիկ թագուհին»:

Ընտանիքը նռան տեսքն ունի: Նռան «թագը» երեխան է՝ ընտանիքի մեծ Մարդուկը: Ամեն ընտանիք թագավորություն է, թագավորը՝ երեխան: Որքան շատ երեխաներ, նույնքան էլ թագավորություններ՝ նոր ընտանիքներ: Երեխան Աստծո շնորհն է, նուռը Աստծո շնորհների բազմազանության խորհրդանիշն է: Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառն կեղևն իր վեցաթև թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը՝ պսակված Աստվածային երեք շնորհների՝ հավատի, հույսի, սիրո թագով: Արքայական թագի նախատիպը նռան «թագն» է: Ըստ գիտակ վիճակագրի՝ մեր երկրի բնակչության 20 տոկոսը կազմում են 14 տարեկան երեխաները, 22 տոկոսը՝ 16 տարեկանները: Նրանցից շատերը մեծանում են ընտանեկան ոչ լիարժեք պայմաններում, հաճախ՝ առանց հայրերի: Նույն գիտակի դիտարկմամբ, ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ 90 է, իսկ ահա 4 և ավելի երեխաների դեպքում՝ 3:

Ամուսնալուծությունների հիմնական պատճառը սիրո պակասն է, հետո նոր՝ սոցիալական ծանր պայմանները: Այն ընտանիքներում, որտեղ անընդհատ խոսում են ապրուստի պակասից, երեխաների հոգեբանությունն է խեղվում: Բարդ ժամանակներում ենք ապրում, ու ժամանակի բարդությունն արդեն ցավալիորեն դրոշմված է մեր երեխաների հայացքներում: Հանապազօրյա հացը բոլոր ժամանակներում էլ դժվարությամբ է տրվել: Եվ ամեն օր սեղան նստելով՝ նախ «Հայր մերն» են շշնջացել, շնորհակալություն են հայտնել Աստծուն՝ երկնային հացը ստանալու համար: Կեռան թագուհին էլ նույն աղոթքով է մեծացրել իր զավակներին:

Անկախ կյանքի դժվարություններից՝ պետք է պաշտպանել մեր երեխաներին մեր մտահոգություններից: Որքան խինդ, ուրախություն պարգևենք նրանց, այնքան ապահով կլինի նռան «թագը»՝ մեր երեխան, մեր ապագան: Իսկ փողի պակասը լինելու է միշտ: Կյանքի նպատակը երջանիկ լինելն է, նռան «թագը»՝ կյանքի խորհրդանիշը:

Հունիսի մեկին երեխաների պաշտպանության միջազգային օրն էր: Վստահ ենք, այս գրվածքը մտորելու առիթ կտա:

 

Գագիկ ԵՂՅԱՆ