Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՊԱՅՔԱՐ

ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՊԱՅՔԱՐ

1078
Տարածել

Կառավարությունը հաստատել է ՀՀ ԱԻՆ-ի մշակած սողանքային աղետի կառավարման պլանը

Հայաստանում կա 2504 սողանքային տեղամաս, ու չկար սողանքային աղետի կառավարման պլան: Սողանքավտանգ գոտում են 233 համայնք, հանրապետության ավտոճանապարհների 3,2 տոկոսը, երկաթգծի 0,5 տոկոսը, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, ենթակառուցվածքներ: Սողանքները մեծ վնաս են տալիս տնտեսությանը, հատկապես, լեռնային բնակավայրերին: Պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները, իրականացնել հակասողանքային միջոցառումներ՝ համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներով: Պլանը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մաuին» ՀՀ օրենքի տրամաբանության մեջ է: Սողանքների դեմ պայքարը համակարգված կազմակերպելու համար պլանով սողանքներն առանձնացված են ըստ ազդեցության տարածքների.

  1. հանրապետական նշանակության — հանրապետության կենսագործունեությունն ապահովող, ռազմավարական և հանրապետական նշանակության սոցիալ-տնտեսական օբյեկտներին և հաղորդակցուղիներին վնասող և սպառնացող սողանքներ,
  2. մարզային նշանակության — մարզային նշանակության օբյեկտներին վնասող և սպառնացող սողանքներ: Այս խմբի մեջ մտնում են նաև երկու և ավելի համայնքների տարածքներին սպառնացող սողանքները,
  3. համայնքային նշանակության — համայնքի տարածքին, օբյեկտներին և հաղորդակցուղիներին վնասող և սպառնացող սողանքներ:

Պլանով պատասխանատվություն և պարտականություններ են սահմանված ինչպես կառավարման հանրապետական կառույցների՝ նախարարությունների, այնպես էլ մարզապետարանների, համայնքապետարանների համար. սողանքային աղետի արձագանքում, մոնիթորինգի ուժեղացում, մեղմացման միջոցառումների խթանում, բնակչության պատրաստվածության մակարդակի և իրազեկվածության բարձրացում և այլն: Օրինակ, համայնքները պետք է «սողանքակայուն համայնք» տրամաբանության մեջ քայլեր անեն. համայնքում աղետների կառավարման խմբերի ստեղծում և զարգացում, աղետի կառավարման պլանի մշակում, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անվտանգության ապահովում, վերանորոգում և օգտագործման վերահսկում, աղետների վերաբերյալ կրթության և ուսուցման խթանում, աղետի կառավարման քարտեզի ստեղծում, ապաստարանների նախապատրաստում և դրանց վերաբերյալ ծանուցում, արձագանքման կարողությունների բարելավում և այլն:

ԱԻՆ-ը սողանքային օբյեկտների բացահայտման, դասակարգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման կազմակերպման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն է, որի պարտականություններն  են. սողանքների դեմ պայքարում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգում, սողանքային աղետների առաջացման և զարգացման տեղեկատվական բազայի ստեղծում և կատարելագործում, տեղեկությունների և խորհրդատվության տրամադրում, ռիսկային օբյեկտների խմբավորում, առկա և պոտենցիալ վնասների գնահատում, բյուջետային ֆինանսավորման միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմում, սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի մշակման գործընթացի համակարգում և այլն: ԱԻՆ-ն իր տարածքային ստորաբաժանումներով պատասխանատու է նաև ազդարարման համար:

Սողանքի սպառնալիքի կամ ակտիվացման դեպքում ազդարարվում են պետական կառավարման մարմինները, մարզպետարաններն ու արձագանքող ստորաբաժանումները:

Եթե տեղի է ունեցել սողանքի ակտիվացում մասնակի փլուզումներով, ազդարարվում են ԱԻՆ ստորաբաժանումները՝ որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով (եթե դրա կարիքը կա), վթարավերականգնողական ծառայությունները՝ ըստ առնչության (կախված սողանքի հետևանքով վնասված կոմունալ  կամ էներգետիկ ենթակառուցվածքների հատվածներից), բժշկական ստորաբաժանումները, ոստիկանությունը՝ հասարակական կարգի պահպանման և երթևեկության կարգավորման նպատակով, մարզի ղեկավար կազմը:

Եթե տեղի է ունեցել մեծամասշտաբ սողանք՝ բացի նշված կառույցներից, ազդարարվում են նաև ԱԻՆ լրացուցիչ ստորաբաժանումները, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտում պատասխանատու մարմինները:

Լայնամասշտաբ սողանքի դեպքում ՀՀ ԱԻ նախարարը զեկուցում է վարչապետին, ում որոշմամբ էլ կարող է իրականացվել գործադիր մարմինների ղեկավարների ազդարարում: Լայնամասշտաբ սողանքի սպառնալիքի կամ առաջացման դեպքում իրականացվում է բնակչության ազդարարում, նաև՝ հարակից տարածքների բնակչության, վերջիններիս սողանքային գոտում չհայտնվելու, հարակից տարածքներում նմանատիպ երևույթների ակտիվացման դեպքում սահմանված գործողություններ իրականացնելու նպատակով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ