Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 15 կմ տեղափոխել են հիվանդին

Փրկարարները 15 կմ տեղափոխել են հիվանդին

673
Տարածել

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Նոր Նորք, Դավիթաշեն, Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 5 մեքենա է հանվել երթևեկելի մաս: Ութ օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Հաղթանակի կամրջին կասկածելի պահվածքով երիտասարդ աղջիկ կա: Դեպքի վայր հասած փրկարարները նման քաղաքացու չեն տեսել, սակայն տեղում պարզել են, որ աղջիկն այլազգի զբոսաշրջիկ է, ուղղակի զբոսնում է: Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մելքումով փողոցում, մանկապարտեզի բակում ագռավները հարձակվում են երեխաների վրա: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ագռավներին: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Զովունի գյուղում ցուլը փախել է գոմից և հարձակվում է քաղաքացիների վրա: Փրկարարները ցուլին հայտնաբերել են սեփականատիրոջ տանից մի քանի փողոց հեռու, պարաններով կապել և տեղափոխել անասնագոմ: Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մարտիրոս գյուղի մատույցներում ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը, մոտենալ հիվանդին: Հրշեջ-փրկարարներն 34-ամյա հիվանդին մոտ 15 կմ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: