Գլխավոր Նորություններ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ԿԱՐԻՆԵՆ ՀԵՌԱՎՈՐ ՄԻՆՍԿԻՑ

ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ԿԱՐԻՆԵՆ ՀԵՌԱՎՈՐ ՄԻՆՍԿԻՑ

859
Տարածել

Որ շուտով տեղափոխվելու է Հայաստան

Երբևէ չես մտածի, որ Լիտվայի մի հեռավոր անկյունում, որտեղ Հայաստանից միայն դու ես ներկա, կհանդիպես ուղնուծուծով հայ մի աղջկա, որի բոլոր երազանքներն ու նպատակները կապված են Հայրենիքի հետ: Կարինեին՝ այդ փոքրամարմին, փխրուն աղջկան հանդիպեցի Լիտվայում՝ 10-րդ MediaBarCamp-ի ժամանակ: Երբ հարց հնչեց՝ ո՞վ է իրեն երջանիկ համարում, Կարինեն լռեց: Հետո, արդեն առանձին զրույցի ժամանակ, ասաց, որ չի կարող իրեն երջանիկ զգալ, քանի դեռ ապրում է Բելառուսում: Մայրն արդեն համակերպվել է այն մտքին, որ մի օր աղջիկը տեղափոխվելու է Հայաստան: «Մինսկում ես ինձ լավ չեմ զգում, չեմ կարողանում հարմարվել: Ճիշտ է, ես այնտեղ եմ ծնվել, բայց ինձ ավելի շատ «զգում» եմ Հայաստանում. նույնիսկ ո՛չ թե Երևանում, այլ հեռավոր մի գյուղում: Ամեն ինչ շատ հարազատ է այնտեղ, չնայած՝ մոտ հարազատներ Հայաստանում այլևս չունեմ, և ես նրանց երբեք չեմ տեսել… Ինձ դուր են գալիս հայաստանցիները, նրանց ջերմությունը: Նրանք քեզ նեղության պահին անօգնական չեն թողնի, կօգնեն՝ ինչով կարողանան: Իսկ Մինսկում մարդկային հարաբերությունները շատ են սառը»,- անկեղծացավ աղջիկը:

Կարինե Դռնոյանը երաժիշտ է, նվագում է ազգային փողային նվագարաններ, դասավանդում է երաժշտական դպրոցում: Նա Բելառուսում միակ կին դուդուկահարն է: «Մինչ այդ սովորել եմ նվագել տարբեր փողային գործիքներ՝ օկարինա, սրինգ, սաքսոֆոն։ Իսկ դուդուկն իմ հոգին է: Ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի դուդուկի ձայնը»,- պատմեց Կարինեն։

Ծնվել է Մինսկում, երաժիշտների ընտանիքում: Հայրը հայ էր, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի էր նշանակվել Բելառուսի Նեսվիժ քաղաքում և այնտեղ էլ ծանոթացել Կարինեի բելառուսուհի մոր հետ, որը կոնսերվատորիան ավարտելուց հետո նույնպես այդ քաղաքում էր աշխատում:

Կարինեի հայրը մահացել է, բայց բարի հիշատակ է թողել. կնոջ հետ մի քանի երաժշտական դպրոց է բացել Մինսկում, ստեղծել «Վեսյալուխա» ժողգործիքների համույթը։ Կարինեի մանկությունն անցել է հոր պահոցի դուդուկի ձայնագրությունների ներքո: «Ես սրդողանքով եմ վերաբերվում այն ամենին, ինչը կապված է ժողովրդական փողային գործիքների հետ: Իմ կարծիքով՝ այդ երաժշտությունը ոչ միայն տրամադրություն է ստեղծում, այլև ապաքինում է, որովհետև հոգուց՝՝ ներսից է գալիս,- ասում է Կարինեն:-Դուդուկ նվագելու վարպետությունը գալիս է տարիների հետ. պետք է նվագել միշտ, կատարելագործվել, պետք է տիրապետել շնչառության տեխնիկային։ Դուդուկն ուշադրություն է պահանջում»:

Այնինչ դեռևս 2010-ին Կարինեն չէր պատկերացնում, որ կկարողանա դուդուկ նվագել: «Ինձ Հայաստանը շատ է դուր գալիս, և ամեն առիթ գործածում եմ՝ այնտեղ հայտնվելու համար: Պրակտիկայի էի. անմիջապես տոմս գնեցի, թողեցի ամեն ինչ և մեկնեցի Հայաստան: Վարպետների մոտ նվագարան պատվիրեցի, բայց չկարողացա տեխնիկային տիրապետել, որովհետև պետք էր շուտ վերադառնալ. ինձ Մինսկում արդեն փնտրում էին»:

Այսօր արդեն Կարինեն տիրապետում է դուդուկին: Կատարում է ոչ միայն ժողովրդական մեղեդիներ, այլև ջազ, դասական, փոփ երաժշտություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում, փողային նվագարանների մրցույթի դափնեկիր է:

Ամաչում է, որ չի խոսում հայերեն: Տարիներ առաջ մասնակցել է «Սփյուռք» ծրագրի հայոց լեզվի դասընթացին: «Ամառային դպրոցն ինձ շատ բան տվեց: Գիտեմ հայերեն տառերը, դժվարությամբ, բայց կարողանում եմ գրել, հասկանալ: Շատ բարդ է ինձ համար քերականությունը և հոլովները սովորելը: Խճճվում եմ: Կարծում եմ, հայկական շրջապատում շուտ կսովորեմ հայերենը: Հայրս փորձել է փոքր ժամանակ ինձ ու եղբորս հայերեն սովորեցնել, բայց ոչինչ չի ստացվել: Նա շատ մեղմ մարդ էր և ոչինչ մեզ չէր պարտադրում: Բայց կարծում եմ, որ լեզվի հարցում պետք է ավելի խիստ լիներ: Ես իմ երեխաների հետ այլ կերպ կվարվեմ: Որովհետև երբ փոքր ես, շատ բան չես հասկանում, մանավանդ, երբ դրսում ես ապրում, իսկ երբ մեծանում ես՝ նոր ես հասկանում, թե ի՜նչ ես կորցրել»…

Կարինե Դռնոյանի շնորհիվ ակամա վերարժևորեցի ազգային պատկանելությունս, լեզուս, Հայրենիքս: Թե ինձ հարցնեն՝ ի՞նչ ստացար MediaBarCamp 2017-ից՝ կպատասխանեմ՝ երջանիկ եմ, որ Կարինեի նման հայուհուն գտա, ճանաչեցի: