Գլխավոր Նորություններ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

765
Տարածել

102 տարի անց. մեր պատասխանը 1915-ին

«Ավրորա»-ն, որ անվանակոչվել է ի պատիվ Ցեղասպանության դժոխքով անցած և փրկվածի սիմվոլ դարձած Արշալույս Մարդիգանյանի, ընդամենը 2 տարեկան է, բայց հասցրել է լայն հնչեղություն ստանալ համաշխարհային մարդասիրական շրջանակներում՝ շնորհիվ այն առաքելության, որը նպատակ ունի գտնել աշխարհի բոլոր մարդասերներին, ովքեր փրկել ու շարունակում են փրկել մարդկային կյանքեր:

 

«Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2016 թ. Երևանում: Մրցանակի առաջին դափնեկիրը Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն է, որն այսօր երախտագիտությամբ նշում է. «Երեխաները՝ Բրազիլիայից մինչև Եթովպիա և Ռուանդայի բուրունդացի փախստականներ, այսօր երջանիկ են, որովհետև այժմ նրանք ունեն սեր, անհրաժեշտ կրթություն և աջակցություն՝ շնորհիվ 2016 թ. «Ավրորա» մրցանակի մեծահոգի աջակցության»:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի այս տարվա հավակնորդները 5-ն են, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության և ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր և իրականացնելով մարդասիրական գործունեություն: Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, նաև Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից՝ 13 լեզվով:

2017 թ. «Ավրորա» մրցանակի համար պայքարելու են Ֆարթուն Ադան և Էլվարդ Էլմանը, որոնք մայր և դուստր են: Նրանք հիմնադրել են «Էլմեն խաղաղության և մարդու իրավունքների» կենտրոն, որի միջոցով Սոմալիում պայքարում են խաղաղության հաստատման համար, զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով: Մրցանակի համար պայքարելու է  նաև Ջամիրա Աղվանին, որն Աֆղանստանում աղջիկների և կանանց իրավունքների պաշտպանությամբ ու կրթությամբ է զբաղվում: Մրցանակի 3-րդ հավակնորդը 26-ամյա Մուհամեդ Դարվիշն է, որը Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ է: Նա ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող է, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա: Դարվիշը 40 հազարանոց քաղաքի 3 բժշկներից մեկն է: 4-րդ թեկնածուն Դենիս Մուկվեգեն է, գինեկոլոգ-վիրաբույժ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որ հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50 000 կանանց՝ միաժամանակ պայքարելով, որ պատասխանատվության ենթարկվեն բռնություն իրականացնողները: Իսկ 5-րդը բժիշկ Թոմ Քաթինան է, որն անցյալ տարի նույնպես թեկնածու էր: Նա տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է` իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառա 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100 000 պարգև, ինչպես նաև $1 000 000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության հիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, խոսելով «Ավրորա» մրցանակի ազդեցության մասին, նշում են, որ այս ծրագիրը ստեղծելու նպատակն առաջին 8 տարիների ընթացքում հետևյալն էր. հիմնել մի շարժում, որը կարող է շարունակվել անվերջ, մարդասիրական կերպով ներկայացնել մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով` փրկում են մյուսներիի կյանքը, ինչպես հարյուր տարի առաջ ուրիշներն արեցին մեր նախորդների համար. «Շարունակելու ենք սա դարձնել հայերի գաղափարախոսության մի մասը»:

«Ավրորա» մրցանակն ստեղծվել է 2015 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, և շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների: «Ավրորա» մրցանակն ամեն տարի մեծարման կարժանացնի նոր դափնեկրի՝ մինչև 2023 թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման 8 տարիների (1915-1923 թթ.):

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ