Գլխավոր Նորություններ ՄԱՔՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ

880
Տարածել

Մենք բոլորս հավատում ենք, որ Աստված է մեր գործերի դատավորը: Հենց նա է մեզ պատվիրել ապրել կատարյալ մաքրությամբ՝ խղճի, հոգու և մարմնի: Մեր ինքնության պահպանման հրամայականը մաքրաբարոյությունն է: Ապրել պետք է հայելի մաքրությամբ, ինչը ուժ ու զորություն է տալիս: Անձնական մաքրությունն ու մտքի վայելչությունը բոլոր լավ գործերի հիմքն են:

Բայց մարդկային արատավոր գործերն այնքան շատ են, որ պոետի բացականչումը՝ «աշխարհին, այո՛, մաքրություն է պետք», նույնիսկ հուսահատեցնում է: Նայեք ձեր շուրջը և կհամոզվեք, թե որքան ճշմարիտ է պոետը:

Շատերս ապրում ենք աղտ-աղտեղության մեջ ու առօրյա հոգսերից կքած՝ չենք էլ գիտակցում, որ դրանից մեր ապրելու ուժն ու կորովն է պակասում: Մարքությունը ուժ ու զորություն է տալիս՝ Աստծո խոսքը դեռ հեռու է մեր գիտակցումից, նստած չէ մեր մեջ: Մեր իրականության մեջ մարդիկ ավելի շատ հետևում են մարմնի մաքրությանը, անտեսում՝ շրջապատինը: Մարդիկ ապրում են բազմաբնակարան շենքում, հետևում միայն սեփական բնակարանի մաքրությանը: Իսկ այն, որ կեղտոտ նկուղներից առնետները կարող են գրոհել իրենց բնակարանը, կամ նկուղը լցված է սեփական շենքի կեղտաջրերով, նրանց քիչ է հուզում: Այդպիսիք շատ դեպքերում ասում են՝ մեր հոգսը չէ, պետության, համատիրության գործն է: Անշուշտ, նաև նրա՛նց գործն է: Բայց վերին հարկերից աղբի տոպրակը փողոց նետող հարևանի խելապակասությունը շատերի համար սովորական երևույթ է: Առաջին հարկի բնակիչն իր պատշգամբի տակ մաքրելը անիրական, նույնիսկ վրավորական բան է համարում: Մարդն ապրում է շենքից փչող գարշահոտի մեջ ու ոչինչ չի ձեռնարկում սեփական տունը բարվոք պահելու ուղղությամբ:

Անշուշտ, մեր երկրում անցած 10 տարիներին շատ բան է փոխվել: «Սանիտեքը» լավ է աշխատում: Շաբաթը մեկ-երկու անգամ պարկերը ձեռքներին ճանապարհների երկայնքով ոտքով կտրում-անցնում են աղբահավաք մարդիկ, ակնահաճո մաքրություն պարգևում բոլորիս:

Բայց մարդկանց գիտակցության մեջ գրեթե ոչինչ չի փոխվում: Լի Կուան Յուն Սինգապուրում անմաքրության դեմ պայքարում գործի դրեց օրենքի ուժը՝ պատժի սարսափելի մանրամասներով: Հայաստանը դասեր ունի քաղելու այդ երկրից: Նրանց պես մենք էլ պետք է պարտադրենք մաքրություն, օրենքի ուժով ստիպենք ապրել ու մտածել առաջին կարգի աշխարհի, երկրի քաղաքացու պես:

Խանդով պիտի նշեմ. վրացիներն ընդունել են օրենք. Թբիլիսիի փողոցներում կենցաղային կամ այլ տեսակի աղբ թափելու դեպքում հետիոտնը կտուգանվի 80 լարիով՝ մոտ 32 դոլարով: Ապրիլի 17-ից մաքրությանը հետևող տեսուչները հսկելու են, նշանակելու են տուգանքներ, իսկ դրանք լինելու են խիստ և կիրառվելու են նաև ընտանի կենդանիների կողմից աղտոտումների դեպքում: Այսպես՝ 2 կգ աղբի տուգանքը սահմանվել է 150 լարի, շենքի հարկերից նետելու դեպքում՝ 500, ընտանի կենդանիների թողած աղբի համար՝ 50 լարի: Վտանգավոր նյութերով աղտոտումը ֆիզիկական անձանց համար՝ 400, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 1000 լարի: Տեսուչներն իրենց տարածքում շրջելու են ոտքով, ճիշտ մեր ճանապարհներին հանդիպող աղբահավաք մարդկանց պես: Ու եթե տեսուչը նկատի վարորդին մեքենայից ծխախոտ նետելիս, նա կարող է ճանապարհային ոստիկանությանը հաղորդագրություն տալ կատարվածի մասին: Տեսուչները զինված են լինելու տեսանկարահանող սարքերով և ֆոտոխցիկներով: Նշենք նաև, որ Վրաստանում արգելված է պոլիէթիլենային տոպրակների գործածումը, ինչը սկզբունքային կարևորություն ունի:

Հայաստանը կատարյալ մաքուր երկիր պետք է լինի: Եվ թող ոչ մեկը չփորձի նման օրենքի բացակայությունը գցել իշխանությունների վրա, քանի որ օրենքները ծնվում են նախ հասարակության գիտակցության մեջ և հետո նոր հիմք դառնում օրենքի: Երկիրը սիրել է պետք ու անսահման սիրով: Իսկ երկիրը սկսվում է սեփական բնակարանի շեմից՝ առավոտ լուսո կատարյալ մաքրությամբ օրն ապրել սկսելուց: