Գլխավոր Ուսուցողական նյութեր ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉՆԵՐԸ

1152
Տարածել

Աչալուրջ հսկողություն տարին բոլոր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրինությունը հետևում է Սանկտ Պետերբուրգից ստացվող լուրերին: Տնօրենի տեղակալ, անվտանգության գլխավոր վերահսկիչ Մուշեղ Բարսեղյանի համոզմամբ՝ ահաբեկչության հետևանքները նվազագույնի են հասցվել. «Մեքենավարը ճիշտ է կողմնորոշվել՝ չթողնելով գնացքը վազուրդում. այն հասցրել է կայարան, որտեղ և ճիշտ, և օպերատիվ գործողությունների արդյունքում ուղևորներին արագ տարհանել են կայարանից ու փակել մուտքերը: Հակառակ դեպքում կառաջանար անվերահսկելի խուճապ, որի հետևանքներն անկանխատեսելի կլինեին, զոհերի թիվն էլ՝ մեծ»:

Ինչպես Երևանի, Սանկտ Պետերբուրգի, այնպես էլ աշխարհի բոլոր մետրոպոլիտեններում իրականացվում են անվտանգության համալիր ծրագրեր, սակայն, ցավոք, ահաբեկիչների դեմ պայքարն այսօր դեռևս ամբողջովին հաղթահարված չէ:

«Վերջին տարիներին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների շրջադարձային համալիրներում, մուտքերում, սրահներում, շարժասանդուղքների վրա տեղադրվել են տեսահսկման խցիկներ և ազդարարման համակարգեր: Նորացված շարժակազմերում, ուղևորատար սրահներում տեղադրված տեսախցիկները հնարավորություն են տալիս մեքենավարին հետևելու իրավիճակին:

Գնացքների երթևեկին, ուղևորների շարժին տեսաէկրաններով հետևում են ինչպես մետրոպոլիտենի աշխատակիցները, այնպես էլ հերթապահ ոստիկանները»,- մանրամասնում է Մուշեղ Բարսեղյանը:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ ահաբեկչություններից խուսափելու և հակաահաբեկչական պատրաստության աստիճանի գործընթացն Ազգային անվտանգության և իրավապահ մարմինների կառավարման տիրույթում է: ԱԻՆ-ն, իհարկե, իր մասնակցությունն ունի, բայց հնարավոր հետևանքների վերացման և փրկարարական աշխատանքների իրականացման գործում: «911» ծառայության և բոլոր կայարանների միջև գործում է հեռախոսային ուղիղ կապ: Անհրաժեշտության դեպքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կարող է շուրջօրյա տեսավերահսկում իրականացնել բոլոր կայարանային հարթակներում: Տեղեկատվության փոխանակման համար գործում է նաև անխափան հատուկ կապ ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետի և մետրոպոլիտենի ավագ կարգավարի միջև»,- ասում է Մուշեղ Բարսեղյանը:

Երևանի մետրոպոլիտենում անվտանգ երթևեկության ապահովումն առաջին ու գլխավոր խնդիրն է. չեն դադարում աշխատանքները, ստուգումները խոցելի հատվածներում անցանկալի ու կողմնակի անձանց մուտքը հնարավորինս բացառելու համար:

 

Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Հ.Գ. Հայտնի և անհայտ դրվագներ Երևանի մետրոպոլիտենի պատմության, ներկայի ու ապագայի մասին կարող եք կարդալ թերթի հաջորդ համարում: